Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո Էրբիլն ու Բաղդադն առաջին անգամ փորձել են բանակցել
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո պաշտոնական Բաղդադն ու Քրդստանի ղեկավարությունը հանդիպում են ունեցել Սուլեյմանիյե քաղաքում, այս մասին հաղորդում է nerinaazad.net կայքը:
Հաղորդվում է, որ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի և Իրաքի փոխնախագահներ Իյադ Ալավիի ու Ուսամե Նուջեյֆիի հետ մեկտեղ հանդիպմանը մասնակցել են նաև Իրաքից որոշ պատգամավորներ:
Հանդիպումից հետո Նուջեյֆին լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ կողմերը ցանկություն ունեն խնդիրները լուծել բանակցությունների միջոցով՝ դուրս չհանելով այն Իրաքի սահմաններից:
«Կողմերը պետք է փորձեն հասկանալ միմյանց, Իրաքյան Քրդստանը չի կարող պատժվել շրջափակման մեջ դրվելով», - ասել է Իրաքի փոխնախագահը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:










