Մհեր Ենոքյանի փոքրիկ հաղթանակը դատական համակարգի անկախացման ազդանշան է. Աղվան Վարդանյան
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար շաբաթվա կարևոր իրադարձությունը ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի՝ դատարանում տարած փոքրիկ հաղթանակն էր: Նա ԱԺ ճեպազրույցների ժամին նկատեց, որ Մհեր Ենոքյանն արդեն 21 տարի է, ինչ կրում է պատիժը:
«21 տարվա ընթացքում Մհեր Ենոքյանը դատարանում ունեցավ փոքրիկ հաղթանակ, ինչը պայմանավորված է տվյալ դատավորի մարդ լինելով: Ես հավատում եմ, որ ի վերջո Մհեր Ենոքյանի ճակատագրում փոփոխություն կլինի: Սա ուշագրավ միջադեպ է, փոփոխությունների սկիզբ է»,- ասաց նա:
Վարդանյանը Մհեր Ենոքյանի` դատարանում տարած հաղթանակում նաև այլ իմաստ է տեսում: Նրա գնահատմամբ՝ սա ազդանշան է, որ ՀՀ պետաիրավական համակարգում փոփոխությունների հիմք է դրվում:
«Ցմահ դատապարտյալը նույնպես ասում է, որ սա դատական համակարգի անկախացման սկիզբն է»,- շարունակեց նա՝ նկատելով, որ լրատվամիջոցներն այս հարցին ուշադրություն չդարձրեցին:
Նշենք, որ դատարանն օրերս «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին պարտավորվել է վերացնել Մհեր Ենոքյանի տեսակցությունների սահմանափակումը:
Հիշեցնենք՝ 20 տարեկանում` 1996 թ-ին, Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության մեջ /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/:
ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում, տվել միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել սպանությունը` մինչ մյուս ընկերը փորձում էր սպանել նրան:










