Եղբայրս փոխանցել է ներկից մաքրված թղթադրամն ինձ, ինչն էլ ես նույն օրը տվել եմ Սամվել Բաբայանին. հրապարակվեցին փողերի լվացման մեջ մեղադրվող եղբայրների ցուցմունքները

16:24 • 09.10.17

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Այսօր դատարանում հրապարակվեցին փողերի լվացման մեջ մեղադրվող ամբաստանյալների ցուցմունքները:

Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց ցուցմունք տալ` օգտվելով իր լռելու իրավունքից:

Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ: Այլ արարքի վերաբերյալ ցուցմունքները չհրապարակվեցին:

Անդրանիկ Քոչարյանն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ իրեն մասնակի է մեղավոր ճանաչել:

«Եղբայրս ինձ տվել է 20 եվրո և հարցրել է`կարո՞ղ եմ օգնել իրեն` թղթադրամի վրա առկա ներկը մաքրելու գործում: Ես որոշել եմ դիմել համագյուղացի, քիմիկ Ժորային (ամբաստանյալ Ժորա Զաքարյան): Մաքրելուց հետո Ժորան ինձ է վերադարձրել թղթադրամը, որը փոխանցել եմ եղբորս»:

Ըստ ցուցմունքի՝ այնուհետև եղբայրը իրեն է տվել ևս 2 հատ 20 եվրո և մեկ հատ 50 եվրո թղթադրամ՝ կրկին ներկոտված: Ժորա Զաքարյանին տվել է 5000 դրամ ներկը մաքրելու համար քիմիական նյութ գնելու համար:

Կարեն Քոչարյանը, ով Անդրանիկ Քոչարյանի եղբայրն է, նույնպես հրաժարվեց ցուցմունք տալ: Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը` համաձայն որի ինքը հեռախոսազրույց է ունեցել եղբոր հետ՝ ներկոտված թղթադրամների վերաբերյալ:

Ըստ ցուցմունքի՝ նա եղբորը հարցրել է` թղթադրամների վրայից ներկը մաքրվե՞լ է, թե՞ ոչ:

«Ինչ վերաբերում է մեր խոսակցության այն հատվածին, որ ասում եմ՝ Ժորայի քյալամները, դա վերաբերում է նույն թղթադրամների նոր խմբաքանակի ձեռքբերմանը: Կոնկրետ թղթադրամների խմբաքանակի չափի վերաբերյալ ես դեռևս տեղեկություններ չունեի: Այնուհետև եղբայրս փոխանցել է Ժորայի կողմից մաքրված թղթադրամն ինձ, ինչն էլ ես նույն օրը տվել եմ Սամվել Բաբայանին»:

Առաջադրված մեղադրանքում Կարեն Քոչարյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի:

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանին և Կարեն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Նրանք մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ: