Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրենը մեղադրվում է 2 մլն դրամի դիզվառելիք յուրացնելու մեջ

14:33 • 09.10.17

 

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություների հակազդման վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկությունների հետևողական ուսումնասիրման արդյունքում բացահայտել են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպք։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ղ.-ն 2014-ից մինչ 2017 թվականն ընկած ժամանակահատվածում, քոլեջի դասասենյակները ջեռուցելու պատրվակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վառելիքի գնման պայմանագրեր է կնքել մատակարար ընկերության հետ։ 

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մատակարարից գնվել է շուրջ 3.000.000 դրամի 8172 լիտր դիզելային վառելիք, բայց դասասենյակները ջեռուցվել են վառելափայտով։

Արմեն Ղ.-ն փայտամթերքի համար վճարել է շուրջ 1.000.000 դրամ կամ գումարի փոխարեն, փոխանակման կարգով հատկացրել է վառելիքի կտրոններ, իսկ մնացած՝ իրեն վստահված շուրջ 2.000.000-ի դիզելային վառելիքը յուրացման եղանակով հափշտակել է։

Այս տարիների ընթացքում ձեռք բերված վառելիքի օգտագործում ցույց տալու համար Արմեն Ղ.-ն կազմել է վառելիքի ելքի կեղծ ապրանքագրեր և բաշխման գրաֆիկներ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օերնսգրքի 179-րդ՝ ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով, և 314-րդ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, հոդվածների հատկանիշներով։
Քննությունը շարունակվում է։