Անհայտ անձը «Կոնվերս» բանկից գումարը հափշտակել է աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով. պաշտոնյա

15:45 • 09.10.17

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, թալանել են Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ 

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանն ասաց, որ գումարի չափի, հանցագործությունը կատարող անձի մասին տեղեկություններն այս պահին չճշտված են:

Ինչ վերաբերում է ահազանգին, Արտակ Պողոսյանն ասաց. «Ահազանգից հետո ՀՀ ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցները ժամանել են դեպքի վայր: Պարզվել է, որ ժամը 11-ի սահմաններում անհայտ անձը բանկի աշխատակիցներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է հափշտակել»:

Նրա խոսքով՝  բանկի սպասարկումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև իրավապահներն ավարտեն անհրաժեշտ աշխատանքները: