ՀՀ-ում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությանը «Իսկանդերի» գործնական կիրառումը բարդ է, քանի որ տարածքը փոքր է. Յ. Խաչատուրով
«Բաղրամյան» զորավարժարանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ խմբավորումների ու հայ-ռուսական խմբավորման միացյալ զորավարժությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս զորավարժությունները լուրջ պլանավորված միջոցառում է, որը «Եղբայրություն-2017» զորավարժությունների մասն է կազմում:
Նա հայտնեց, որ զորավարժությունները մեկնարկել են Դոնի Ռոստովում, հետագայում Հայաստանում անցկացվել է զորավարժությունների հետախուզական՝ «Որոնում 2017» փուլը։
«Ըստ զորավարժությունների սցենարներից մեկի՝ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածք են ներխուժել ահաբեկիչներ, որոնք ոչնչացվելու են միացյալ ուժերով»,-ասաց նա:
Յուրի Խաչատուրովն ասաց, որ զորավարժությունն անցկացվում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի ղեկավարմամբ, քանի որ հնարավոր է՝ կիրառվեն խոցման այնպիսի միջոցներ, որոնք կան միայն ՌԴ-ում, և դրանք կառավարել կարող են միայն ռուսները:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է զորավարժություններին կիրառվեն «Իսկանդերի» դիվիզիոնները ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ թղթի վրա է պլանավորվում ամեն ինչ:
«Իրականում դրա գործնական կիրառումը Հայաստանի դեպքում բարդ է, քանի որ տարածքը փոքր է»,-ասաց նա և կատակեց, թե «Իսկանդերը» հանկարծ կթռչի Թուրքիա:










