Ճապոնիայում դատարանը «Ֆուկուսիմա»-ի վթարի համար պատասխանատու է ճանաչել պետությանը և շահագործող ընկերությանը
Ֆուկուսիմայի շրջանային դատարանը Ճապոնիայի կառավարությանը և «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանի TEPCO օպերատոր ընկերությանը պատասխանատու է ճանաչել ատոմակայանում 2011 թվականին տեղի ունեցած վթարի համար: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Դատարանը պարտավորեցրել է 4,4 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել մոտ 3,8 հազար բնակչի:
Դատարանը խոստովանել է, որ պաշտոնյաները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչը հանգեցրել է ատոմային էլեկտրակայանում վթարի, ինչպես նաև ժամանակին չեն իրականացրել ցունամիի և տարհանման անհրաժեշտության մասին տեղի բնակիչների համընդգրկուն իրազեկում: Հայցվորները կստանան 4,4 միլիոն դոլարի փոխհատուցում:
Ֆուկուսիմայի դատարան ներկայացված հավաքական հայցի բոլոր մասնակիցների միայն 10 տոկոսն է բնակվել այն շրջաններում, որտեղ տարհանման հրահանգ է տրվել: Հայցվորների մեծ մասը եղել են այլ շրջանների բնակիչներ, որտեղ նման հրահանգներ չեն եղել:
Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում սկսվել է 30 խմբային դատական գործընթաց՝ կապված վթարի հետ: Ներկայիս որոշումն արդեն երրորդն էր: Սեպտեմբերի 22-ին Տիբո պրեֆեկտուրայի դատարանը ճանաչել է միայն TEPCO ընկերության պատասխանատվութունը, իսկ մարտի 17-ին Մաեբասի պրեֆեկտուրայի դատարանը նույնպես վճիռ է կայացրել հայցվորների օգտին և որպես պատասխանատու նշել պետությանը և օպերատոր ընկերությանը:










