Պաղեստինցի կանայք դատի են տվել իսրայելական ավիաընկերություններին՝ օդանավակայանում զննման ժամանակ իրենց մերկացնելու համար

14:09 • 11.10.17

Երեք պաղեստինցի կանայք, որոնք անցած հոկտեմբերին դեպի Թել Ավիվ իրականացվող չվերթից առաջ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի օդանավակայանում մերկացվել են զննման ժամանակ, դատի են տվել իսրայելական ElAl և Arkia ավիաընկերություններին: Կանանց խոսքով՝ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ոչ միայն ամբողջությամբ զննել են իրենց մարմինները, այլ նաև ենթարկել սեռական ոտնձգությունների: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:

Իսրայելի քաղաքացիների խոսքով՝ իրենց ստորացումները տևել են ավելի քան 2 ժամ. իրենց սպառնացել են, որ չեն թողնի մտնել ինքնաթիռի սրահ, մինչև իրենք ամբողջությամբ չմերկանան զննման համար:

«Ես չէի կարողանում ոչ մի բառ ասել: Ամբողջությամբ մերկ եմ եղել գոտկատեղից վերև, սա ցավ է պատճառել ինձ»,- պատմել է տուժածներից մեկը:

Նշվում է, որ զննման ժամանակ կանանցից մեկն ամոթից և սթրեսից կորցրել է գիտակցությունը:

Երեք կանանց շահերը ներկայացնող փաստաբան Ավնի Բանայի պնդմամբ՝ նրանց ստիպել են մերկանալ բացառապես ազգության պատճառով, մինչդեռ կանանց հանդեպ ոչ մի իրական կասկած լինել չէր կարող:

Աղբյուրը մանրամասնում է, որ կանայք որոշել են մեկնել Բելգրադ հանգստանալու նպատակով՝ Երուսաղեմի եբրայական համալսարանում մագիստրոսական աստիճանի ուսուցումը վերսկսելուց առաջ: Նրանք ձեռք են բերել տոմսերն Arkia ավիաընկերությունից, սակայն բոլոր իսրայելական ավիաընկերությունների անվտանգության ստուգումներն իրականացնում է El Al ավիաընկերությունը, այդ թվում՝ դեպի Իսրայել մեկնող չվերթների դեպքում:

Մեղադրվող կողմի պաշտպանությունը պետք է մինչև հոկտեմբերի 20-ը պատասխանի մեղադրանքներին, ինչից հետո դատավարության օր կնշանակվի Թել Ավիվում: