Հայրավանքում «Ford Transit» և «Կամազ»–ի բախման հետևանքով Գավառի ԲԿ տեղափոխված 13 տուժածներից 4-ի առողջական վիճակը միջին ծանրության է. ԲԿ տնօրեն

12:11 • 11.10.17

 

Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում երեկ գիշերը տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Գավառի բժշկական կենտրոն տեղափոխված 4  վիրավորների առողջական վիճակը միջին ծանրության է. նրանք բոլորը ստացել են կոտրվածքներ են` սրունքների, բազուկի, ազդրերի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Գավառի» ԲԿ տնօրեն Սամվել Կարապետյանը:

«Հիվանդանոցում գտնվող տուժածներից մեկը 18-20 տարեկան աղջիկ է, ով ունի ազդրի կոտրվածք, մյուսը գրեթե 40-45 տարեկան տղամարդ, ով ստացել է նախաբազկի և սրունքի զույգ ոսկրերի կոտրվածք»,-ասաց նա` հավելելով, որ մյուս երկուսը կանայք են, ովքեր ևս ունեն կոտրվածքներ:

ԲԿ տնօրենը հայտնեց, որ 3 վիրավոր էլ տեղափոխվել է Երևան` տրավմաներով:

ԲԿ տնօրենը հայտնեց, որ ի սկզբանե իրենց մոտ է տեղափոխվել 13 վիրավոր, սակայն մյուսների առողջական վիճակը բավարար է եղել և դուրս են գրվել:

Հիշեցնենք, որ hոկտեմբերի 10-ին, ժամը 23:01-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրել էին ԱԻՆ լրատվական ծառայությունից, պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի 24 OS 736 և «Կամազ» մակնիշի 54 LO 444 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի 7 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի ԲԿ: