Երկու քույրերի պատմությունը. հնդկուհիներն ամեն օր 6 ժամ են ծախսում դեպի դպրոց տանող դժվար ճանապարհն անցնելու համար (լուսանկարներ)

22:29 • 11.10.17

Հիմալայների հնդկական գյուղերից մեկում բնակվող քույրեր Ռադիկան և Յասհոդան ամեն օր 6 ժամ են ծախսում դպրոց գնալու և վերադառնալու ճանապարհին, սակայն կարծում են, որ հանուն կրթության արժի զրկանքներ կրել:

Աղջիկների միջազգային օրվա առթիվ BBC-ն անդրադարձ է կատարել ուսումնատենչ քույրերի պատմությանը: Նրանք սովորաբար արթնանում են առավոտյան ժամը հինգին, լվացվում են, նախաճաշում և զվարթ պատրաստվում երկարատև ուղևորությանը լեռնային կածանով:

Անդունդներ, քարաժայռեր և վարար գետ. այս բնական խոչընդոտները նրանց ամենօրյա ճանապարհի մասն են կազմում:

Ութարախանդ  նահանգի Սյաբա գյուղում բնակվող աղջիկները 14 և 16 տարեկան են: Հարևան գյուղերում ևս մի քանի սովորող աղջիկներ կան, որոնք նույնպես դժվարին ճանապարհ են հաղթահարում:

Դեպի դպրոց ճանապարհը տևում է 2-3 ժամ: Նրանց ճանապարհն անցնում է գետի վրայով գնացող ճոպանուղով, ապա ոտքով:   

Նրանք երկուսն էլ չեն ցանկանում ծնողների պես շուտ ամուսնանալ, այլ մտադիր են շարունակել ուսումը: