Իսպանիայի վարչապետը խնդրել է Կատալոնիայի առաջնորդին պարզաբանել՝ անկախություն հռչակել են, թե ոչ

15:02 • 11.10.17

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտնել է, որ խնդրել է Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնին պարզաբանել, թե արդյոք նա անկախություն է հռչակել, հայտնում է BBC-ն:


Նա հավելել է, որ դա անհրաժեշտ է՝ Իսպանիայի հետագա քայլերը որոշելու համար:


Երեքշաբթի Պուչդեմոնն անկախության մասին հռչակագիր է ստորագրել, բայց կասեցրել է իրագործումը՝ բանակցություններ անցկացնելու նպատակով:


Ռախոյը մեղադրել է Պուչդեմոնին հատուկ շփոթություն ստեղծելու համար և ասել է, որ ցանկանում է «որոշակիություն»:


Վարչապետը նշել է, որ Իսպանիայի կառավարության արձագանքը կհիմնվի ստացած պատասխանի վրա:


Ռախոյը փորձում է արձագանքել շփոթություն առաջացրած իրադարձություններին, երբ երեկ երեկոյան Պուչդեմոնը Կատալոնիայի խորհրդարանին հասցեագրված իր ուղերձում Իսպանիայից անկախություն է հռչակել, այնուհետ անմիջապես կասեցրել այդ որոշումը Մադրիդի հետ «երկխոսության համար»: Է՛լ ավելի շփոթություն առաջացնելով՝ Պուչդեմոնը և օրենսդիրներն ավելի ուշ անկախության մասին հռչակագիր են ստորագրել:


Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին և ուղեկցվել է իրավապահ մարմինների հետ հանրաքվեի խաղաղ մասնակիցների բախումներով: Հաղորդվել է, որ բախումների ընթացքում վիրավորվել է հանրաքվեի 844 մասնակից և 33 ոստիկան:


Հանրաքվեի ընթացքում անկախացման կողմնակիցները հաղթանակ են տարել 90 տոկոս ձայնով՝ չնայած հանրաքվեին քվեարկել է քվեարկելու իրավունք ունեցողների կեսից պակաս մարդ:


Մադրիդը հայտարարել է, որ մտադիր չէ բանակցություններ վարել Բարսելոնայի հետ, քանի որ չի ճանաչում այդ հանրաքվեի օրինականությունը: