Ընտրեք՝ կա՛մ ես, կա՛մ Թրամփը. Էմինեմը դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

13:39 • 11.10.17

Ամերիկյան հայտնի ռեփեր Էմինեմը BET Hip Hop Awards ամենամյա հիփ հոփ մրցանակաբաշխության ժամանակ քննադատել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան անվանելով «կամիկաձե, որը կարող է միջուկային հոլոքոստի պատճառ դառնալ»:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրված տեսանյութում 44-ամյա ռեփերը նկատել է, որ Թրամփի նախորդը՝ Բարաք Օբաման, շատ ավելի լավն էր:


«Օբաման ավելի լավն էր, քան ներկայիս պաշտոնավարողը՝ կամիկաձեն, որը կարող է միջուկային հոլոքոստ հրահրել»,-ասել է Էմինեմը:

Բացի այդ, ռեփերն անդրադարձել է ամռանը Շառլոթսվիլ քաղաքում ազգայնականների ու սևամորթների բախմանը, ինչից հետո նախագահը հավուր պատշաճի չդատապարտեց ազգայնականներին:

«Եթե երկրպագուներիս մեջ կան Թրամփի աջակիցներից, ուրեմն ես գիծ եմ քաշում: Պետք է որոշես՝ դեմ ես նրան, թե կողմ: Չի կարելի 2 մասի բաժանվել. կա՛մ ես, կա՛մ նա»,- երկրպագուներին վերջնագիր է  ներկայացրել ռեփերը:

Նա նաև նկատել է, որ ռասիզմը միակ բանն է, որը ճանաչում է բերել Թրամփին:

Էմինեմի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառումները մեծ արձագանք են առաջացնում՝ ստիպելով մարդկանց կարևոր թեմաների փոխարեն կենտրոնանալ աննշան հարցերի վրա:

Որպես օրինակ՝ Էմինեմը նշում է, որ ամերիկացիները փոթորիկներից տուժած Պուերտո Ռիկոյին օգնելու կամ զենքի վաճառքի ոլորտում բարեփոխում իրականացնելու հարցերի փոխարեն քննարկում են ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային լիգայում մարզիկների՝ օրհներգի ժամանակ ծնկի գալը: