Իրաքը բանակցությունների կգնա քրդերի հետ երեք պայմանով. երկրի վարչապետ
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին երեք պայման է առաջադրել Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը՝ բանակցությունների գնալու համար:
Ինչպես փոխանցում է gazeteduvar.com.tr կայքը, Աբադին նշել է, որ Բաղդադը բանակցությունների կգնա քրդերի հետ միայն այն դեպքում, եթե տարվելիք բանակցություններն ու կայացվելիք որոշումներն իրականացվեն միմիայն Իրաքի տարածքային ամբողջականության իրավունքի պահպանման հիման վրա և հարգեն երկրի սահմանադրության բոլոր կետերը:
Իրաքի կենտրոնական իշխանությունների համար ևս մի կարևոր պայման է Իրաքյան Քրդստանի հանրաքվեի արդյունքների չեղարկումը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ իրենք պատրաստ են Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ բանակցությունների գնալ՝ առանց նախապայմանների:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:










