2014 թվականից ի վեր Իրաքում ԻՊ-ի պատճառով շուրջ 5 մլն մարդ է լքել իր տունը. ՄԱԿ
2014 թվականից ի վեր Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների պատճառով իրենց բնակավայրերը ստիպված են եղել լքել շուրջ 5 մլն 400 հազ. իրաքցիներ, այս մասին նշել է Իրաքում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գրասենյակի ղեկավար Լիսե Գրանդեն:
Ինչպես հայտնում է BBC-ի թուրքալեզու ծառայությունը, Գրանդեն շեշտել է, որ տեղահանված կամ փախուստի դիմած իրաքցիների շրջանում կան հարյուր հազարավոր երեխաներ: Ահաբեկչության հետևանքով իրենց տները լքած մարդկանց միայն մի մասն է ավելի ուշ հետ վերադարձել:
«Այս մարդիկ ենթարկվել են մեծ վտանգների, սթրեսների ու հոգեկան տրավմաների: Դեռևս երկար տարիներ նրանք կարիք են զգալու հատուկ աջակցության ու օգնության», - ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Նշենք, որ ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ Իրաքի տարածքում ամբողջովին ոչնչացված կլինի ԻՊ ահաբեկչական խմբավորումը:










