Օդից արված ուշագրավ լուսանկարները ցույց են տալիս Կալիֆորնիայի անտառային հրդեհների ավերածությունները (լուսանկարներ, տեսանյութ)
Օդից արված ուշագրավ լուսանկարներում երևում են մոխրի ու ավերակների վերածված Կալիֆորնիայի հյուսիսային մասի փողոցներն ու տները՝ ցույց տալով կիրակի օրվանից տարածվող անտառային հրդեհների առաջացրած կործանարար հետևանքները, գրում է The Daily Mail-ը:
Չորեքշաբթի արված լուսանկարները ցույց են տալիս 23 մարդու մահվան պատճառ դարձած հրդեհի գոտում հայտնված Կալիֆորնիայի բնակավայրերից բարձրացող ծխի քուլաները: Հրդեհների հետևանքով դեռևս անհետ կորած է համարվում 300 մարդ, 20.000 մարդ տարհանվել է տներից:
Հրդեհների բռնկվելուց երեք օր անց հրշեջներին դեռ չի հաջողվել վերահսկողության տակ առնել կրակը, որն իր հետևից ապոկալիպտիկ տեսարաններ է թողել՝ մոխրի վերածված ամբողջական թաղամասեր, ամբողջովին ավերված 3.500 տուն և ձեռնարկություն, ինչպես նաև տեղանքում երբևէ գրանցված ամենասարսափելի օդային աղտոտվածության դեպքերից մեկը:
Հրդեհների մեծ մասը տարածվել է Նապայի և Սոնոմայի շրջաններում, որտեղ գտնվում են բազմաթիվ գինեգործական ձեռնարկություններ:
Նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ իրավիճակ է հայտարարել Նապա, Սոնոմա, Յուբա, Լեյք, Մենդոսինո, Նևադա և Օրինջ շրջաններում:




























