«Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. Քննչական կոմիտե

16:00 • 12.10.17

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

«Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցչից 2017թ. սեպտեմբերի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ն հանդիսանում է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների իրավատերը, իսկ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ սույն թվականի սեպտեմբերին կազմակերպել է «Միսս Հայաստան» 2017 գեղեցկության մրցույթը, որի արդյունքում «Միսս Հայաստան-ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:

Հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ  «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված մրցույթի համար եկամուտ է ստացել տոմսերի վաճառքից, բջջային հաղորդագրությունների միջոցով անցկացված քվեարկությունից, որի արդյունքում «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով՝ ապրանքային նշանի ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ, որը հոկտեմբերի 10-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեում։