Նովոսիբիրսկի բնակիչը զամբյուղի փոխարեն «Օկա» մակնիշի ավտոմեքենայով օդապարիկ է բաց թողել

13:25 • 12.10.17

ՌԴ տրանսպորտի ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայությունը (Ространснадзор) տուգանել է Նովոսիբիրսկի բնակչին, որը զամբյուղի փոխարեն «Օկա» մակնիշի ավտոմեքենայով օդապարիկ է բաց թողել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Արևմտասիբիրյան տրանսպորտային դատախազությանը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ օգոստոսի 10-ին, 17-ին և 28-ին Նովոսիբիրսկ քաղաքի «Пикниковый рай» հանգստի բազայի տարածքից մոտ 25-30 մետր բարձրության վրա օդ է բարձրացվել АХ-7 ջերմային օդապարիկը: Ընդ որում՝ օգոստոսի 10-ին զամբյուղի փոխարեն օգտագործվել է «Օկա» մակնիշի ավտոմեքենա, ինչը կյանքի, առողջության և ունեցվածքի համար սպառնալիք է ներկայացրել տարածքում գտնվող մարդկանց համար:

«Օդապարիկի տերը բաց է թողել այն՝ առանց առողջական վիճակի մասին վավեր բժշկական վկայագիր, օդաչուի վկայական և համապատասխան այլ փաստաթղթեր ունենալու: Դրանից բացի, օդաչուն ապօրինի օգտագործել է օդային տարածությունը», - նշել է աղբյուրը:

Նշվում է, որ իրավախախտը կտուգանվի 6.7 հազար ռուբլիով: Նովոսիբիրսկի Լենինյան շրջանի դատարան օդապարիկի տիրոջը թռիչքներ իրականացնելն արգելելու մասին հայց է ներկայացվել՝ մինչև օրենքի խախտումների վերացումը: