Վենեսուելական իշխանությունները հայտարարել են, որ բավականաչափ թուղթ ու թանաք չունեն նոր անձնագրեր տպելու համար
Վենեսուելայի իշխանությունները հայտնել են քաղաքացիներին, որ վավերականության ժամկետը լրացած անձնագրերը ևս 2 տարի վավեր կհամարվեն, քանի որ իրենք այժմ բավականաչափ թուղթ ու թանաք չունեն նոր անձնագրեր տպելու համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ստորագրել է որոշում, որը թույլ է տալիս ազգային անձնագրային գործակալությունում թղթի ու թանաքի անբավարարության պատճառով 2 տարով երկարաձգել անվավեր անձնագրերի վավերականության ժամկետը:
Հայտնի է, որ միլիոնավոր վենեսուելացիներ արդեն մի քանի ամիս չեն կարողանում անձը հաստատող նոր փաստաթուղթ ստանալ: Անձնագրերի հետ կապված ճգնաժամային իրավիճակը շարունակվում է մարտից:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2015թ. նավթի համաշխարհային գների անկման հետևանքով Վենեսուելան հայտնվել է ֆինանսատնտեսական կոլապսի մեջ, քանի որ դրա եկամտի 95%-ը գալիս է նավթի վաճառքից: Երկիրը բավականաչափ միջոցներ չունի պարեն, դեղորայք ու անհրաժեշտ այլ պարագաներ ներկրելու համար: Ստեղծված իրավիճակում ժողովուրդը մեղադրում է երկրի նախագահին:
Այս տարի քաղաքացիների ու իրավապահների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ:










