Amazon Studios-ի ղեկավարին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար

11:37 • 13.10.17

Amazon Studios պրոդյուսերական ընկերության ղեկավար Ռոյ Փրայսը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից՝ հայտնի ֆանտաստ գրող Ֆիլիպ Դիքի դուստր, պրոդյուսեր Այզա Հեքեթի կողմից սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքներից հետո:


Այդ մասին հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով աշխարհում ամենախոշոր առցանց ռիթեյլեր Amazon-ի ներկայացուցչին: Amazon Studios-ն Amazon-ի դուստր ձեռնարկությունն է:


«Ռոյ Փրայսն ուղարկվել է հարկադիր արձակուրդի, այդ որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ»,- հայտարարել է Amazon-ի ներկայացուցիչը:


Այզա Հեքեթը պատմել է՝ ինչպես է 2015 թվականին Փրայսը նրան դրդել ինտիմ մերձության՝ օգտագործելով կոպիտ արտահայտություններ:


Amazon-ի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Amazon Studios-ը վերանայում է իր կապերը The Weinstein Company պրոդյուսերական կինոընկերության հետ, որի հիմնադրին՝ հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, անցած շաբաթ սեռական ոտնձգությունների համար են մեղադրել մի շարք հոլիվուդյան դերասանուհիներ: