Ավստրալիայում երեք պարաշյուտիստ է մահացել
Ավստրալիայի հյուսիս-արևելքում՝ Քվինսլենդ նահանգում, թռիչքներ իրականացնելու ժամանակ երեք պարաշյուտիստ է զոհվել, հայտնում է news.com.au-ն:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ Միշեն Բիչ բնակավայրի մոտակայքում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:
Հաղորդվում է, որ պարաշյուտիստներից մեկն ընկել է տեղի բնակիչներից մեկի հողատարածք, մյուս երկուսին հայտնաբերել են ծառի վրա: Վայրէջքի ժամանակ ստացած վնասվածքներից պարաշյուտիստները տեղում մահացել են:
Հաղորդվում է, որ մահացածներից երկուսը տղամարդ են, մեկը՝ կին: Մահացածներից մեկը ենթադրաբար հրահանգիչ է եղել:
Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, նախնական տվյալներով, թռիչք կատարող պարաշյուտիստը բախվել է մյուս երկուսին, որոնք միասին էին թռիչքն իրականացնում, ինչի հետևանքով պարաշյուտները չեն կարողացել բացվել:
«30 տարեկան երկու տղամարդ և 50 տարեկան կինը մահացած են հայտնաբերվել»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:










