Առողջապահության նախարարի որոշումը վատ հետևանքներ է ունեցել հոգեկան խնդիրներ ունեցող շահառուների համար․նրանցից մեկն ինքնասպանություն է գործել. Կարինե Թուխիկյան
Առողջապահության նախարարի որոշումից հետո հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող 300 շահառուներ կանգնել են փաստի առաջ։ Նախկինում հիվանդներն արտահիվանդանոցային բուժման ծրագրով անվճար ստացել են «Զիպրեքսա» դեղամիջոցը, իսկ այժմ դրա փոխարեն հիվանդներին տրամադրում են հայկական արտադրության «Օլանզապին» դեղը։
«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Թուխիկյանի խոսքով՝ հայկական արտադրության դեղը որակով անհամեմատ զիջում է «Զիպրեքսային»։
Նա հայտնեց, որ արտահիվանդանոցային բուժման ծրագիրը տարիներ շարունակ գործել է, իսկ 2017 թվականին փետրվարի 21-ին ծրագրի հերթական փուլի ավարտից հետո առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը որոշել է այն չշարունակել։
«Հոկտեմբերի 10-ին Հոգեկան առողջության համաշխարհային օրն էր, մենք հանդիպում պետք է ունենայինք նախարարի հետ՝ ծրագիրը շարունակելու վերաբերյալ քննարկում ունենալու համար։ Մեզանից առաջ 5 քաղաքացի կար, մենք մոտ մեկ ժամ սպասեցինք։ Երբ մեր հերթն եկավ, նախարարը դուռը բացեց, մեզ ներս հրավիրեց և ինքը գնաց։ Մենք միայն արհամարհանք են ստանում նախարարի կողմից»,- ասաց Կարինե Թուխիկյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի չվերականգման վերաբերյալ նախարարության պատճառաբանությունը հետևյալն է եղել՝ բյուջեում գումար չկա։ Կարինե Թուխիկյանը նշում է, որ հոգեկան հիվանդություն ունեցողները որակյալ դեղից զրկվելուց հետո լուրջ խնդիրների առաջ են։
«Շատերի մոտ վտանգն այնքան մեծ է, որ տանից էլ դուրս չեն գալիս։ Անգամ շահառուներից մեկը՝ 21 տարեկան մի երիտասարդ ինքնասպանություն է գործել»,- տեղեկացրեց նա։
Կ. Թուխիկյանը նաև հայտնեց, որ 5 միլիգրամանոց «Զիբրեքսանը» պետությունը գնում է 557 դրամով, 10 մգ-ը՝ 1100 դրամով, իսկ դեղատներում 10 մգ-ը 75-80 հազար դրամ է, իսկ «Օլանզապինը»՝ բավականին էժան:










