ՀՀ–ԵՄ համաձայնագրի տեքստի հրապարակումը թույլ է տալիս կանխել հետագա անցանկալի զարգացումները. Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)
Շատ լավ է, որ այդ տեքստը հրապարակվեց, որովհետև Ասոցացման համաձայնագիրը, որը մենք ԵՄ-ի հետ պետք է կնքեինք 2013թ-ին, այդպես էլ չհրապարակվեց: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոյեմբերին ստորագրվելիք համաձայնագրի հրապարակված տեքստին:
Ըստ քաղաքագետի` Ասոցացման համաձայնագրի չստորագրման պատճառներից մեկն էլ այդ անհայտ տեքստն էր. «Այն ժամանակ էլ հենց նույն Ռուսաստանը պաշտոնական մակարդակով հայտարարում էր, որ իրենք չգիտեն` ինչ է գրված այդ պայմանագրում և այլն և այլն: Նախապես հրապարակելով տեքստը` դու նախ բավարարում ես քո, այսինքն` հայաստանյան հասարակության պահանջմունքը։ Երկրորդ՝ գրեթե կանխում ես հետագա անցանկալի զարգացումները»։
Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանին անակնկալներ կարող է մատուցել միայն Ռուսաստանը, քանի որ նրանց համար բովանդակությունն ընդհանրապես կարևոր չէ: Սակայն, ըստ Գրիգորյանի, խնդիրն այստեղ այլ է.
«Ռուսաստանն ընդհանրապես դեմ է, որ Հայաստանն այլընտրանք ունենա: Եթե նայում էլ ենք Ռուսաստանի վերջին տարիներին դրսևորած քայլերը, ապա ակնհայտ է, որ ՌԴ-ն ամեն ինչ անում է, որ ՀՀ-ն այլընտրանք չունենա»,- նկատեց քաղաքագետը:
Վերջինս կասկած անգամ չունի, որ մոտ ժամանակներս ՌԴ-ն, անպայման, արտահայտելու է իր դիրքորոշումը` հրապարակված փաստաթղթի կապակցությամբ: Նրա խոսքով՝ այս անգամ փաստաթղթի պատրաստման աշխատանքային փուլում, համենայն հավանականությամբ, հայաստանյան իշխանությունները ՌԴ իշխանությունների հետ քննարկումներ անցկացրել են:
«Սա է պատճառը, որ ես հույս ունեմ, որ այս անգամ Ռուսաստանն անսպասելի քայլեր չի անի, բայց պարզ է, որ հնարավոր է ինչ-որ դրույթներ Ռուսաստանին դուր չգան»,- նշեց Ստեփան Գրիգորյանը՝ այդպիսի մի դրույթ համարելով, օրինակ, էներգետիկ ոլորտի հետ կապված դրույթը:
Իսկ, ընդհանուր առմամբ, այս փաստաթուղթը, ըստ Գրիգորյանի, չի հակասում Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությանը:
Անդրադառնալով նաև փաստաթղթում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ դրույթին, քաղաքագետը նշեց, որ դա շատ մեծ կարևորություն ունի, քանի որ դրանով կանխվում են Ադրբեջանի հետագա հնարավոր խարդախությունները:
«Դա նշանակում է, որ երբ առաջիկայում Ադրբեջանը սկսի համագործակցել ԵՄ-ի հետ, ապա չի կարողանալու այս հարցն իր ուզած ձևով մեկնաբանել, այսինքն` ԵՄ-ն չի կարողանալու Հայաստանի դեպքում Ղարաբաղի հարցի հետ կապված մի տեքստ տալ, իսկ Ադրբեջանի հետ ստորագրելու դեպքում՝ այլ»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը:
Դիանա Դավթյան










