«Նամակը չի տալիս մեր հարցի պատասխանը». Մադրիդը չի ընդունել Կատալոնիայի ղեկավարի պատասխանն իրենց դիմումին

13:18 • 16.10.17

Իսպանիայի կառավարությունը չի ընդունել իրենց դիմումին Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի պատասխանը տարածաշրջանում անկախության հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան, հայտնում է Reuters գործակալությունը:


Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը նշել էր, որ Պուչդեմոնը պետք է հստակ պատասխան տա՝ «այո», թե «ոչ» և որ ցանկացած անորոշ պատասխան կհամարվի հաստատում առ այն, որ տեղի է ունեցել անկախության հռչակում:


Իսպանիայի նախարարների խորհուրդը հոկտեմբերի 11-ին դիմել է Կատալոնիայի իշխանություններին՝ պահանջելով բացատրել, թե արդյոք նրանք անկախություն հռչակել են, թե ոչ: Պուչդեմոնին ժամանակ էր տրվել մինչև երկուշաբթի պատասխանի համար: Երկուշաբթի հրապարակվել է ժեներալիտետի ղեկավարի նամակը, որտեղ նա չի պարզաբանել անկախություն հռչակելու հետ կապված որոշումը և Մադրիդին երկխոսության կոչ է արել:


«Նամակը, որ մենք ստացել ենք, չի տալիս հարցի պատասխանը»,- ասել է նախարարը նամակում: Կատալան հավելել է, որ Մադրիդում նամակն անբավարար են համարում՝ հստակության բացակայության պատճառով:


Ավելի վաղ հաղորդվել է, որ եթե պատասխան չլինի կամ պատասխանը չբավարարի Իսպանիայի իշխանություններին, հինգշաբթի կառավարությունը կսկսի գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը:


Հաղորդվում է, որ չնայած կառավարությունը դեռ որոշում չի կայացրել և դեռ ուսումնասիրում է նամակը, այն քայլեր կձեռնարկի հինգշաբթի վերջնաժամկետի լրանալուն պես: