Հայաստանը պետք է կանխարգելիչ պատերազմ սկսի. քաղաքագետ

19:11 • 16.10.17

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումից որևէ արդյունք ակնկալել պետք չէ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով՝ անգամ պաշտոնական մակարդակով՝ ուղիղ կամ ակնարկելով հասկացնում են, որ ոչինչ պետք չէ սպասել:

«Շավարշ Քոչարյանը մի տերմին է հնարել արդարացնելու համար, այն է՝ «վստահության մթնոլորտ ձևավորել»: Այսինքն՝ նպատակը վստահության մթնոլորտ ձևավորելն է, որ ոչինչ է: Անշուշտ, դա կարելի էր անել, եթե բանակցային գործընթացի հիմքը ճիշտ է, օգուտը շատ է, բայց թե դրանից ինչ է ստացվում՝ անհասկանալի է: Մեր հանրապետության նախագահն ապրիլյան պատերազմից հետո նախապայմաններ առաջ քաշեց, չէ՞: Հիմա, ըստ էության, այդ նախապայմանները հանեց»,- ասաց Շիրինյանը՝ նշելով, որ Ադրբեջանը դիվանագիտական հաջողություն է գրանցում ՀՀ ԱԳ նախարարության այս բանաձևի տակ:

Քաղաքագետը հիշեցրեց՝ բոլորովին վերջերս ՀՀ Նախագահը Մոսկվայում այլ բան ասաց՝ «չէ, ի՞նչ բանակցել, երբ մենք այստեղ խոսում ենք, այնտեղ մեր զինվորները սպանվում են»: Սակայն ստացվեց հակառակը, բացի այդ՝ հարց է առաջանում՝ արդյոք մեզ պե՞տք է Ադրբեջանի հետ վստահության մթնոլորտ: Քաղաքագետի համոզմամբ՝ աշխարհին դուր գալու մեր հին հայկական մարմաջը պետք է մի օր թողնենք:

Լևոն Շիրինյանի գնահատմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունը ոչինչ չի արել դրական արդյունքի հասնելու համար, որ Ադրբեջանը նախապայմանները կատարած լիներ:

«Այսինքն՝ Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի հետ դիմակայության հարցում դժվարին պայմաններում հաջողություն է գրանցում ու ֆիքսում, հետո այս մարդիկ ինչ-որ ձևակերպմամբ հեշտ-խաղաղ ապրում են՝ ո՛չ քննադատություն կա, ո՛չ խոսակցություն»,- նշեց նա:

Հարցին՝ ինչո՞ւ հանրային պահանջատիրությունն այս դեպքում չի գործում այնքան ուժգին, որքան սոցիալական խնդիրների պարագայում՝ Շիրինյանն արձագանքեց. «Ժողովուրդը նաև հոգնել գիտի»: Նրա խոսքով՝ ժողովրդի բողոքը մենք տեսանք ապրիլյան պատերազմում, իսկ ժողովուրդը արտաքին գործերի նախարարություն է ստեղծում, պետություն է ստեղծում, որ հարցերը լուծի, ինքն էլ աշխատի, երեխա ունենա, դպրոց գնա:  

Քաղաքագետը համոզված է՝ պատրաստ կլինես պատերազմի, կունենաս խաղաղություն: «Խաղաղություն սիրում ես՝ անընդհատ մորթվում ես, պատերազմ սիրիր, որ ապրես: Մեզ ի՞նչ են ասում՝ սուս մնացեք, թե չէ պատերազմ կլինի, բայց պատերազմը լինելու ժամանակ լինում է: Մենք պիտի հասկանանք՝ ի՞նչ ենք ուզում, ուզո՞ւմ ենք Արցախի անկախություն, թե ոչ»,- ասաց նա:

Շիրինյանը նշեց՝ ՀՀ Նախագահի բազմաթիվ հայտարարություններն ի մի է բերել. Նախագահն ասում է՝ Արցախը չի կարող ունենալ այնպիսի կարգավիճակ, ինչպիսին այսօր ունի: Սա ի՞նչ է նշանակում. քաղաքականորեն քա՞յլ է արդյոք, քանի որ իրավունքի առումով սա ոչնչի մեջ չտեղավորվող արտահայտություն է:  

«Հայկական կողմը գուցե հասկանում է անկախության ամրագրում՝ միջազգային ճանաչման առումով, քանի որ Արցախի հարցը վաղուց լուծված է, և դա թուրքն էլ գիտի, թուրքն էլ հասկանում է՝ տարածքային ամբողջականության ճանաչում: Ուրեմն՝ այս հարցը պետք է հստակ ասել»,- նշեց նա: Շիրինյանի գնահատմամբ՝ Արցախի ԱԳ նախարարությունը ևս պետք է աշխատի, գործն իր ձեռքը վերցնի, ոչ թե ամբողջությամբ թողնի ՀՀ ԱԳՆ վրա:

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանն ուզում է Հայաստանին պարտադրել մի քաղաքականություն, և դա, ըստ էության, առանց պարտադրելու ստացվում է: Նա նշեց՝ կգա մի օր, երբ Հայաստանը մի օր չի լինի այլևս կենսունակ և չի կարողանա դիմադրել, ուստի պայքարել է պետք:

«Ադրբեջանցիները որդեգրել են մի քաղաքականություն, որ ուժի սպառման տակտիկա են ասում: Հայաստանին՝ հայկական կողմին, անհրաժեշտ է, եթե իրադրությունն այս սցենարով է գնում, կանխարգելիչ պատերազմ սկսել և ժողովրդին տրամադրել պատերազմի»,- ասաց նա:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում: