Կուրսանտի սպանության գործով վկան դատարանում ամբաստանյալներին դրական նկարագիր է տալիս, նախաքննության ընթացքում՝ բացասական
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։
Այսօրվա դատական նիստին հարցաքննվեց գործով վկա Վոլոդյա Ավետիսյանը, ով ի սկզբանե ասաց, որ տևական ժամանակ է անցել և դեպքի մանրամասները չի հիշում։
Դատավորի հարցին, թե ինչ հարաբերություններ է ունեցել ամբաստանյալների հետ վկան ասաց, որ բոլորի հետ լավ, ընկերական հարաբերություններ է ունեցել։
«Իմացանք, որ տեղի է ունեցել սպանություն։ Այդ ժամանակ ես քնած եմ եղել, առավոտ արթնացել և իմացել եմ։ Ասել են, որ ման գանք, գտնենք Հայկազ Բարսեղյանին։ Նրա դին գտնելուց հետո շարք ենք կանգնել, թե գիշերն ինչ է տեղի ունեցել, հայտնի չէ»,– ասաց վկան։
Մեղադրող դատախազի հարցին, թե ինչպես կբնութագրի ամբաստանյալներին,Վոլոդյա Ավետիսյանն ասաց. «Ընկերասեր էին, գրեթե նույն հատկանիշներն ունեն, դրական»։
Ինչ վերաբերում է Հայկազ Բարսեղյանին, Ավետիսյանն ասաց, որ ֆիզիկապես ամուր է եղել, սիրել է իր մասնագիտությունը։
Ինչ վերաբերում էր իր գործողություններին, վկան ասաց, որ քնելու հրամանից հետո երեք մատյան է լրացրել, որը տևել է մոտ տասը րոպե և այդ ընթացքում որևէ տարօրինակ բան չի նկատել։
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի պաշտպանի հարցին, թե նկատե՞լ է, որ Սաֆարյանը բռնություն կիրառի որևէ մեկի նկատմամբ, վկան բացասական պատասխան տվեց։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանին միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, հիմնավորելով, որ ամբաստանյալների նկարագրի հետ կապված հակասություններ կան, բացի այդ միջադեպերի մասին ևս ցուցմունքները տարբեր են։
Վկան իր նախաքննական ցուցմունքում ամբաստանյալների վերաբերյալ նշել էր.«Վաչեն շուտ բորբոքվող էր, գերիշխող դիրք ուներ։ Գնելն իր ասածի էր, մեծամիտ, նրան չէին սիրում մեծամիտ լինելու համար։ Մովսեսն անիմաստ սրան ու նրան էր կպնում, որ ցույց տար, թե ինքն էլ է մեր մարտկոցի լավ տղերքից է։ Նորիկին տեղ էինք տալիս, քանի որ իրեն մեծավարի էր պահում»։
Ինչ վերաբերում է Հայկազ Բարսեղյանի և Կարեն Բաղրամյանի միջև գրանցված միջադեպին, վկան նշել էր, որ Հայկազ Բարսեղյանը միշտ դիտողություն է արել Կարեն Բաղրամյանին փնթի ուտելու համար։
Հայկազ Բարսեղյանի մասին վկան նշել է, որ նա ուրախ մարդ է եղել, նրան երբեք ընկճված չի տեսել, ինքնասպանության մասին երբեք չի խոսել։
«Տարբերություն տեսնում եմ ու պնդում եմ նախաքննական ցուցմունքը»,- ասաց վկան, հավելելով, որ նախաքննական ցուցմունքը ճիշտ է, հակասությունները պայմանավորված են ժամանակով։
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:










