Հստակ չէ` ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթները որքանով են հարմոնիկ ԵԱՏՄ մարտավարությանը, քանի որ առկա է նաև տնտեսական բաղադրիչ. Է. Վարդանյան

19:16 • 17.10.17

 

Հրապարակված փաստաթղթում հստակ ընդգծվում է`Հայաստանը ԵՄ-ի հետ խորացնելու է համագործակցությունը, իսկ ԵՄ-ն որոշակի աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը` անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի հրապարակմանը։ Ըստ քաղաքագետի` Հայաստանը և Եվրամիությունը որոշակի գործընթաց են միասնական իրականացնելու, որը մոտեցնելու է միմյանց, իսկ ԵՄ աջակցությունը, կարծես, պետք է ավելին լինի, քան մինչ այս պահը տրամադրվածը։

«Փաստաթղթի համաձայն` Հայաստանը ստանձնում է նոր պարտավորություններ քաղաքական ռեֆորմներ իրականացնելու առումով և, բնականաբար, դա նշանակում է, որ եթե այդ պարտավորությունները կատարվեն, ապա նաև ԵՄ-ն տարատեսակ աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին: Սա դեռ չի նշանակում, որ Հայաստանը իրապես իրականացնելու է դրանք, քանի որ ՀՀ իշխանությունները, կարծես, մտադիր չեն իրենց դիրքերը թուլացնել ներքաղաքական պայքարում և հրաժարվել ավտորիտար կառավարման մեթոդներից, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ քայլեր կձեռնարկեն, թեկուզ կոսմետիկ քաղաքական բնույթի ռեֆորմ կանեն»,-ասաց Էդգար Վարդանյանը:

Քաղաքագետը կարծում է, որ փաստաթղթի հրապարակումը պայմանավորված է նրանով, որ ասոցացման համաձայնագիրը չէր հրապարակվել և դրա վերաբերյալ եղել էին քննադատություններ։ Հիմա կողմերը որոշել են հրապարակել այս համաձայնագիրը և զերծ մնալ անհարկի քննադատությունից, ինչը նվազեցնում է հնարավոր ստվերային գործընթացները:

«Իհարկե, այդ համաձայնագրի խորքային մեկնաբանման կարիքը կա։ Հստակ չէ, թե իրականում այդ բոլոր դրույթները որքանով են, ասենք, հարմոնիկ Եվրասիական տնտեսական միության մարտավարության, ընթացակարգերի, ընդունված մեխանիզմների հետ, քանի որ այդ համաձայնագրի մեջ, բացի քաղաքական կարևոր բաղադրիչից, կա նաև տնտեսական բաղադրիչ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին` արդյոք ինչ-որ կապ տեսնում է, որ համաձայնագիրը հրապարակվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես առաջ, նա ասաց. «Դժվար է ասել` կապ կա, թե ոչ, քանի որ դրանք տարբեր գործընթացներ են և չի բացառվում, որ պատահականություն է եղել»:

Էդգար Վարդանյանը նկատեց, որ քաղաքական վերնախավի, քաղաքացիական ակտիվ խմբերի կողմից չկար ընդհանրական սպասում, ինչը, գուցե, կապված է այն բանի հետ, որ այդ համաձայնագիրը մի քանի մակարդակով ավելի ցածր է, քան ասոցացման համաձայնագիրը, որից Հայաստանը հրաժարվեց:

Ինչ վերաբերում է փաստաթուղթը ստորագրելու հարցում խոչընդոտների առկայությանը, Էդգար Վարդանյանը նկատեց, որ Կրեմլի կողմից որևէ դժգոհություն չի եղել համաձայնագրի վերաբերյալ և Հայաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ ստորագրման հարցում խնդիր չկա:

Չնայած դրան` քաղաքագետը նշեց, որ որոշ մամուլի հրապարակումներ` կապված  տեխնիկական խնդիրների հետ, թույլ են տալիս զգուշությամբ վերաբերվել նշված ժամկետներին։