Դավթաշենում 21 հատ բարդի հատած «Դելֆինի» տնօրենը դատապարտվել է 6 ամիս պայմանական ազատազրկման

18:20 • 17.10.17

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր է ճանաչել «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանին, ով մեղադրվում էր 21 հատ բարդի տեսակի կենսունակ ծառեր հատելու մեջ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսան Սամսոնյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

«Դատարանը մեղավոր ճանաչեց Ալեքսան Սամսոնյանին և նրան դատապարտեց վեց ամսվա ազատազրկման: Դատարանը միաժամանակ վճռեց պատիժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան»,-ասաց Մելքոնյանը:

Պաշտպանը հայտնեց, որ դատարանում իր պաշտպանյալն ընդունել է մեղադրանքը:

Հիշեցնենք, որ Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով ծառահատման թույլտվություն, բենզասղոցով ապօրինի հատել է անտառային ֆոնդի մեջ չմտնող 21 հատ բարդի տեսակի կենսունակ ծառեր, որի հետևանքով Երևան համայնքին պատճառել է առանձնապես խոշոր չափի` 1 մլն 920 հզր ՀՀ դրամի գույքային վնաս։

Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում, ըստ ոստիկանության, պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ալեքսան Սամսոնյանը: