ՄԻԵԴ-ի դատավճռով Ռուսաստանը պետք է Նավալնի եղբայրներին 76 հազար եվրո վճարի

15:08 • 17.10.17

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի և նրա եղբայր Օլեգ Նավալնիի դեմ «Իվ Ռոշե» ընկերության բողոքով խարդախության մասին գործը Ռուսաստանում քննվել է արդար դատավարության իրավունքի խախտմամբ, հայտնում է meduza.io-ն:


ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ Ռուսաստանը պետք է Նավալնի եղբայրներին վճարի 76 հազար եվրո:


Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ համաձայն չէ ՄԻԵԴ-ի դիրքորոշման հետ, բայց նշել է, որ դատարանը նվազեցրել է պահանջվող փոխհատուցումը և գործը քաղաքական չի որակել:


Մոսկվայի շրջանային դատարանը 2014 թվականին «Իվ Ռոշե»-ի գործով Օլեգ Նավալնիին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման, Ալեքսեյը ստացել էր նույնչափ պայմանական ժամկետ:


Ռուսական դատարանը վճռել էր, որ Նավալնի եղբայրները պարտադրել են «Իվ Ռոշե» և «Մնոգոպրոֆիլնայա պրոցեսինգովայա կոմպանիյա» («Многопрофильная процессинговая компания») ընկերություններին իրենց հետ կնքել բեռնափոխադրման գիտակցաբար ոչ շահավետ պայմանագրեր: