Կիևում Սաակաշվիլիի հանրահավաքին ընդառաջ փակվել են կենտրոնական փողոցները (լուսանկար)

09:50 • 17.10.17

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական փողոցներն ամբողջովին փակվել են տեղական իշխանությունների կողմից։ Բանն այն է, որ այսօր այդտեղ՝ Գերագույն ռադայի շենքի առաջ, պետք է տեղի ունենա Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ու իր կողմնակիցների հանրահավաքը:

Ինչպես գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ուկրաինացի լրագրող Տատյանա Դանիլենկոյի ֆեսյբուքյան էջին, Կիևի հոկտեմբերյան պալատի բակում այժմ պատրաստություն են անցնում Ազգային գվարդիայի մարտիկները:

«Նույնիսկ Խրեշչյատիկի շքերթի ժամանակ նրանք (մարտիկները) այսքան շատ չէին: Կենտրոնական փողոցների այսպիսի զանգվածային արգելափակում երբևէ տեսած չկամ», - գրել է լրագրողը:

Լրագրող և կամավոր Յուրի Կասյանովն իր հերթին համեմատել է իրավիճակը Մայդանի իրադարձությունների հետ և նշել, որ անգամ այդ օրերին նման բան չի եղել:

«Միխոն (Սաակաշվիլին) դեռ ոչ, բայց (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինն ահա ուր որ է կհարձակվի», - ասել է Կասյանովը:

Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն էլ նկատել է, որ Ուկրաինայի իշխանությունները նախկինի պես փորձում են ցանկապատեր շարել խաղի կանոններն ու քաղաքական սերունդը փոխելու արդարացի պահանջների դեմ:

«Սա մենք արդեն ինչ-որ տեղ տեսել ենք, այդպես չէ՞: Այս խելահեղությունը միայն մոտեցնում է նրանց ավարտը», - նշել է պատգամավորը:

Ուկրաինայի իշխանություններն, իրենց հերթին, քաղաքի կենտրոնում նման զանգվածային արգելափակումների պատճառը բացատրում են Մալթայի նախագահի ժամանումով, որի համար պատրաստվում են կազմակերպել մի շարք պաշտոնական միջոցառումներ:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին աջակցող ակտիվիստները պահանջում են ստեղծել հակակոռուպցիոն դատարան, նոր օրենք ընդունել ընտրությունների վերաբերյալ ու չեղարկել պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը:

Նախօրեին Միխեիլ Սաակաշվիլին Խարկով քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ վստահություն էր հայտնել առ այն, որ Ուկրաինայի իշխանություններն իրեն վերացնելու փորձ կնախաձեռնեն:

Ընթացիկ տարվա հուլիսին Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից: Սեպտեմբերի 10-ին քաղաքական գործիչը մի խումբ աջակիցների ջանքերով ճեղքել է սահմանն ու Ուկրաինա վերադարձել: Այժմ Սաակաշվիլին մտադիր է պայքարել քաղաքացիության վերականգնման համար:

 



Картинки по запросу Центр Киева перекрыли перед митингом Саакашвили