Էստոնիայում «սև անձրև» է տեղացել

15:25 • 18.10.17

Էստոնիայի Յարվամաա, Յըգևամաա և Տարտումաա շրջաններում «սև անձրև» է տեղացել: Այս մասին հայտնում է Delfi.ee պորտալը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ անձրևից հետո հողի վրա մոխրագույն փրփուր է գոյացել:

«Մենք նայել ենք արբանյակներից արված լուսանկարները, դրանից բացի, Ֆինլանդիայի օդերևութաբանական ծառայությունը հաստատել է, որ մեզ է հասել Պորտուգալիայի հրդեհների ծուխը և մուրը, ինչպես նաև՝ Սահարայից փոշին»,- պատմել է օդերևութաբան Տայմի Պալյակը:

Նա նշել է, որ օդի քիմիական բաղադրության մասին տեղեկություն չկա, քանի որ երկրում այդպիսի չափումներ չեն անում:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի կենտրոնական և հյուսիսային հատվածներում և իսպանական Գալիսիա ինքնավար համայնքի հյուսիս-արևմուտքում մոլեգնող հրդեհների հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել: Պորտուգալիայում անտառային հրդեհների մակերեսը չորս օրվա ընթացքում կազմել է 240 հազար հեկտար: Երկրում հրդեհի զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել: