ԱՄՆ-ում զարդեղենի ամենահայտնի կին գողը խոստացել է այլևս գողություն չանել (լուսանկարներ)
Ութսունյոթամյա Դորիս Փայնը, որը համարվում է Միացյալ Նահանգների պատմության մեջ զարդեղենի ամենածեր ու ամենահաջողակ գողը, խոստացել է այլևս չխախտել օրենքը:
Ինչպես նշում է The Independent-ը, կինը, որն իր հանցավոր կարիերայի ընթացքում գողացել է ավելի քան 2 մլն դոլարի զարդեղեն, կրկին դատարանի առաջ է կանգնել գողության մեղադրանքով: Սակայն այս անգամ Փայնը յուրացրել է ոչ թե զարդեր, այլ 86 դոլարի սնունդ ու էլեկտրոնային սարքեր:
«Տիկին Փայն, գնացեք ու այլևս հետ մի եկեք»,- դատավարության ավարտին ասել է Չամբլիի քաղաքային դատարանի դատավոր Անջելա Դունկանը:
Խանութից գողություն կատարելու մեղքն ընդունած կինը պատասխանել է՝ «այլևս չեմ վերադառնա»:
Աղբյուրը մանրամասնում է, որ աֆրոամերիկուհի Դորիս Փայնը սկսել է գողությամբ զբաղվել 70 տարի առաջ՝ Արևմտյան Վիրջինիայի աղքատ շրջաններում:
2013թ. Փայնի մասին նկարահանված վավերագրական ֆիլմի համաձայն՝ կինն առաջին գողություններն արել է ամուսնության մեջ դժբախտ մորն օգնելու համար:
«Իրականում ես չեմ ափսոսում զարդեր գողանալու համար, ես ափսոսում եմ բռնվելու համար»,-խոստովանել է կինը:
Փայնի ամենաաղմկահարույց գողություններից մեկը տեղի է ունեցել 1970-ական թվականներին, երբ նա ավելի քան կես միլիոն դոլար արժողությամբ 10 կարատանոց ադամանդյա մատանի էր գողացել Cartier-ի՝ Մոնտե Կառլոյում գտնվող խանութից:
Սակայն այժմ Փայնը խոստովանել է, որ ամեն ինչ արդեն անցյալում է: Նա պատրաստվում է իր կյանքի մասին գիրք գրել ու դրա վաճառքից ստացված գումարը փոխանցել բարեգործությանը:
![]()
![]()
![]()










