Իրաքյան բանակը հայտարարել է Քիրքուքի ամբողջ տարածքում անվտանգություն սահմանելու մասին
Իրաքի բանակն ամբողջովին վերահսկում է երկրի հյուսիսում գտնվող Քիրքուքը։ Քրդական ուժերը նահանջելով հանձնել են Քիրքուքի բոլոր ռազմավարական կետերը, դրանց թվում են Դիբիս շրջանը, Մուլթեքա ավանը, Հարավային և Հյուսիսային Բայ Հասանը և Հաբբազը, որոնց բանակը տիրել է օդանավակայանի ու նավթահանքերի օբյեկտների նկատմամբ հսկողություն սահմանելուց հետո:
Դրանից հետո իրաքյան բանակը հայտարարել է Քիրքուքի ամբողջ տարածքում անվտանգություն սահմանելու մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Քիրքուքից հետո իրաքյան բանակը քրդական ուժերից հետ է վերցրել Նինվե նահանգը՝ իր վերահսկողության տակ առնելով դեպի Մոսուլ ելքը:
Sputnik-ի թուրքական ծառայությունը հաղորդում է, որ բացի այդ՝ Քիրքուքի սահմաններից դուրս Իրաքի բանակը դուրս է մղել քրդական ուժերին Հանեքինի, Մոսուլի Մահմուր, Բաշիքա շրջաններից, Շենգալից (Սինջար), Ռաբիայից և այլն:
Հիշեցնենք, որ օրերս Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ:
Նշենք, որ Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին:










