Որոշ քրդեր օգնել են Քիրքուք մտնող բանակին իրենց անձնական շահերի համար. քուրդ քաղաքական գործիչ

18:53 • 18.10.17

«Քրդստանի հայրենասերների միություն» կուսակցության գլխավոր քարտուղարի օգնական Քոսրեթ Ռեսուլը հայտարարել է, որ իրենց կուսակցության ներսում որոշ անհատներ անձնական շահերից ելնելով նպաստել են Քիրքուքի հանձնմանը, այս մասին գրում է demokrathaber.org կայքը:

«Չորս կողմից մեզ վրա հարձակվելով՝ փորձեցին վայր գցել մեզ: Քուրդ ժողովուրդը ևս մեկ անգամ հիշեց մեր պապերի խոսքը՝ «քրդերն իրենց լեռներից բացի այլ բարեկամ չունեն»: Իրենց անձնական ու ժամանակավոր շահերի համար Քիրքուք մտնողներին օգնողների անունները կգրվեն մեր պատմության սև էջերում», - ասել է քուրդ քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ:

Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին: