Լևոն Հայրապետյանի հարազատները հրաժարվել են նրա դեմ հարուցված քրեական գործի հետմահու դադարեցումից
ՌԴ կալանավայրում երեկ երեկոյան մահացած հայ գործարար Լևոն Հայրապետյանի հարազատները չեն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Դավիդ Խեչանը:
«Բարեկամները չեն համաձայնելու դադարեցնել գործը, մեղադրյալի մահվան առնչությամբ գործի դադարեցման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է փաստաբանը:
Նա հիշեցրել է, որ Հայրապետյանը մեղադրվում էր «Բաշնեֆտ»-ի և Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերի յուրացմանը հանցակից լինելու համար:
«Ե՛վ ես, և՛ բարեկամները տրամադրված ենք գործը մինչև վերջ հասցնելուն»,- հավելել է Խեչանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ երեկ երեկոյան մոսկովյան բանտում մահացել է հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը։
Ռուսաստանում քրեական հետապնդման ենթարկված Լևոն Հայրապետյանը տևական ժամանակ քաղցկեղով հիվանդ էր, և նրա փաստաբանները վերջինիս խափանման միջոցը փոխելու հարցն էին բարձրացնում, որն այդպես էլ չփոխվեց։
Հարցին, թե Լևոն Հայրապետյանին արդյոք հուղարկավորելու են Արցախում, նրա մտերիմ ընկեր Մացակ Փոլադյանը հայտնել է. «Ոչ, իր կամքն էր, որ թաղվի հոր ու մոր կողքին, այսինքն` Մոսկվայի հայկական գերեզմանոցում»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում հայ գործարարին մեղադրանք էր առաջադրվել իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700.000 դոլար վերցնելու համար։ Ինքը` Հայրապետյանը, չէր ընդունել ներկայացված մեղադրանքները:
Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ. հուլիսին` Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո։
Բացի այդ, գործարարը մեղադրվում է Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրին պատկանած ձեռնարկությունների ունեցվածքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։










