ՔԿՀ–ում չպետք է լինի դուռ, որը փակ կլինի պատգամավորի առաջ. Նիկոլ Փաշինյանը նախագիծ է ներկայացրել
ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել «Ելք» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից առաջարկված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, որ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի և մուտքի իրավունք ունեն և նման իրավունք վերապահված է նաև ԱԺ պատգամավորին։
Ու չնայած նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը սահմանում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձանց տեսակցությունները քննության շահերից ելնելով կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը հաճախ այլ կերպ են մեկնաբանում օրենքը և, մասնավորապես արգելում են ԱԺ պատգամավորների տեսակցությունները ձերբակալված կամ կալանավորված այն անձանց հետ, որոնց նկատմամբ տեսակցությունների արգելքի որոշում է կայացված նախաքննության մարմնի կողմից։ Սա հանգեցնում է ԱԺ պատգամավորի գործունեության արհեստական և ոչ իրավաչափ խոչընդոտների։
Նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը և արձանագրել, որ վերոնշյալ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որևէ պարագայում չի կարելի արգելել։
«Ես ակնկալում եմ, որ ՔԿՀ-ում չլինի դուռ, որ ԱԺ պատգամավորի առաջ չի կարող բացվել»,-ասաց նա, ապա պատասխանելով հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի հարցադրումներին՝ հավելեց. «Մենք գնում ենք, կանգնում ՔԿՀ-ի խցի մոտ, չենք կարող տեսնվել, քանի որ կալանավորի հետ տեսակցությունն արգելված է»:
Հրայր Թովմասյանը հարցրեց, թե արդյոք տեսակցությունն ու հանդիպումը պատգամավորը տարբերակում է: Ըստ նրա՝ Հրաչյա Աճառյանի բառարանով էլ է ասվում՝ տեսակցությունն իր մեջ հանդիպումը չի ներառում: «Եթե կիրառվում է տեսակցության արգելք, ուրեմն կալանավորին պիտի նետենք տարտարոսը, որպեսզի ոչ ոք չտեսակցի նրան: Հսկիչը, պետը հանդիպում են նրան՝ իրենց աշխատանքի անհրաժեշտությունից ելնելով, հիմա պատգամավորներն էլ այդ նույն նպատակով կարող են հանդիպել, ինչպես նախագահը, վարչապետը»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նման սահմանափակումը խելամտության դաշտից չէ, քանի որ պատգամավորի գործն է վերահսկել կառավարության գործունեությունը, նաև թե այն նույն կառավարությունն ինչպես է հոգ տանում քաղաքացուն: «Պատգամավորը չի մտնում ՔԿՀ տոլմա փաթաթելու համար, ինչո՞ւ եք խելամտության սահմանն անցնում»,-ասաց նա և հավելեց, թե չի բացառվում այն դիտարկումը, որ անձնական տեսակետից ելնելով գնա, բայց դա եզակի դեպք է: Պատգամավորն առաջարկեց՝ թող ձայնագրվի այդ պրոցեսը:
Նելլի Լազարյան










