Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մերժվեց, բայց կմտնի ԱԺ օրակարգ
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացավ:
«Կողմ» քվեարկեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Նապոլեոն Ազիզյանը և Վանիկ Ասատրյանը: Չնայած բացասական եզրակացությանը, նախագիծը կմտնի ԱԺ մեծ օրակարգ:
Նշենք, որ առաջարկվում է հստակեցնել, որ ԱԺ պատգամավորը անարգել կարող է մտնել քրեակատարողական հիմնարկ:
Մինչ այդ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե «պատգամավորը չի կարող ամենափրկչի դեր ստանձնել»: Հրայր Թովմասյանը և Արփինե Հովհաննիսյանը հիշեցին իրենց նախարար եղած ժամանակները. եթե տվյալ դատապարտյալի հետ տեսակցությունը արգելված է եղել, իրենք էլ այդ խուց մուտք չեն գործել:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց՝ կալանավորին տեղափոխել են այլ խուց, նոր ինքը տվյալ խցի պայմաններին ծանոթացել է: Արփինե Թովմասյանը նաև միջազգային փորձից օրինակներ բերեց՝ շատ երկրներում սահմանափակված է պաշտոնյաների մուտքը ՔԿՀ:
Մինչ այդ Հրայր Թովմասյանը հայտարարեց. «Պատրաստ եմ կանոնակարգելու, բայց նախագծին դեմ եմ քվեարկելու»:
Ըստ նրա, պատգամավորի մանդատը կարող է որոշակիորեն տարբեր լինել մյուս սուբյեկտներից, բայց պետք է հստակեցվի, թե տեսակցելը որ իրավունքի դեպքում է:










