Հանրային տարբեր խնդիրներով զբաղվող 12 նախաձեռնություններ միավորվել են և խորհուրդ ձևավորել. օրակարգում առայժմ բնապահպանական հարցեր են
Հանրային կարևոր նշանակություն ունեցող տարբեր խնդիրներով զբաղվող 12 նախաձեռնություններ միավորվել են՝ ստեղծելով Հանրային նախաձեռնությունների խորհուրդ: Խորհրդի անդամ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ թեպետ խորհուրդը վերջերս է ստեղծվել, սակայն քննարկումներն արդեն մի քանի ամիս է՝ ընթանում են: Խորհրդի ստեղծման գաղափարը հասունացավ ամռանը, երբ մի քանի արշավական խմբեր Գոշի լճի հարցը բարձրացրին: Դիմեցին նախարարություն, քննարկումներ արեցին, ապա մտածեցին՝ այնպիսի մի հարթակ ձևավորել, որտեղ առայժմ՝ բնապահպանական, հետագայում՝ հնարավոր է այլ հարցեր ևս բարձրացվեն»:
Մարտիրոսյանը նշեց՝ 12 նախաձեռնություններից բացի խորհրդի անդամ դարձրին նաև բնապահպանության նախարարությանը, որպեսզի տեղում բարձրացված հարցերը իրենց ներկայացնեն, պատասխանները հնարավորինս արագ ստանան, որ կոմունիկացիոն կապն ավելի հարմար լինի:
Մարտիրոսյանը նշում է, որ այս պահի դրությամբ խորհրդի թիրախում դեռ միայն բնապահպանական խնդիրներն են: «Մենք ահագին քննարկել ենք Ամուլսարի վերաբերյալ, Դիլիջանում վերջին անտառահատումների հետ կապված և այլ հարցեր: Ժողովները հաճախ չեն լինում, ամիսը մեկ անգամ ենք հավաքվում, քննարկում: Մեր գործունեությունը նոր է հանրայնացվել: Մենք ֆեյսբուքյան էջում աստիճանաբար տեղեկացումներ կդնենք, հետագայում, երբ կայանա այս խորհուրդը, հնարավոր է՝ այլ հարցեր ևս ներառվեն օրակարգում»,- ասաց նա:
Խորհուրդը գնում է ահազանգերի հետքերով, հաճախ էլ՝ դառնում ահազանգող: Խորհրդի անդամ արշավական խմբերը, որ մարզերում շատ են լինում, հաճախ իրենք են հարցեր բարձրացնում: Կառույցը կամավորական հիմունքներով է կազմված, այն դեռ գրանցված չէ, նախաձեռնության կարգավիճակում է:
Հանրային նախաձեռնությունների խորհրդի օրակարգում դրված առաջնային խնդիրը Ամուլսարի հարցն է, սակայն ապագայում հարցերի շարք է մշակված, որոնք կներկայացվեն նախաձեռնությանը, և նախարարության հետ այդ հարցերի շուրջ մասնագիտական քննարկումներ կծավալվեն:










