Առաջիկայում Երևանը կրկին կհեղեղվի. մայրաքաղաքի հեղեղատարները հսկողությունից դուրս են մնացել, ոչ մեկին չեն պատկանում. Մովսես Արիստակեսյան (տեսանյութ)

19:45 • 19.10.17

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը նախազգուշացնում է՝ առջևում անձրևների շրջանն է սկսում, Երևանը կրկին կհեղեղվի ջրերով և քաղաքացիները ստիպված կլինեն նավակներով զբոսնել, քանի որ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում:

Tert.am-ի հետ զրույցում Մովսես Արիստակեսյանը նշեց, որ խնդիրը ևս վարչապետի հանձնարարականների շարքից է, որին այդպես էլ որևէ ուշադրություն չի դարձվում:   

«Այս կառավարության կարևորագույն բրենդն էր առաջին իսկ նիստից սկսած հանձնարարական տալը, բոլորս ոգևորվեցինք, թե ինչ գործունյա վարչապետ է, հանձնարական կտա, ու կհետևի: Փորձը ցույց տվեց, որ այդպես չէ, գեղեցիկ PR ակցիա է ընդամենը, ոչ մի գործնական արդյունք, քաղաքացիներին հուզող հարցերին ոչ մի լուծում: Իսկ դա ցույց է տալիս, որ գերատեսչությունների ղեկավարները պարզապես չեն կատարում վարչապետի հանձնարարականները»,-ասաց նա և նշեց, թե դրա վառ օրինակներից մեկը «Վեոլիա Ջուր» ընկերության հետ կապված խնդիրն է:  

Ըստ ՀԿ նախագահի՝ բակային դիտահորերի ու քաղաքային հեղեղատարների խնդիրը երկար տարիների պատմություն ունի և այս խնդրով նամակով դիմել են բոլոր պատկան կառույցներին՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար, Էներգետիկայի նախարար, Երևանի քաղաքապետ, «Վեոլիա Ջուր»  ընկերության նախագահ և նույնիսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ: Նամակներից ստացված կցկտուր պատասխանից ՀԿ-ի նախագահը հասկացել է, որ քաղաքի հեղեղատարներն ոչ մեկին այսօր չեն պատկանում:

«Վեոլիա Ջուրը  հրաժարվել է, ասելով որ դա  իրենց տրված չէ վարձակալության, Երևանի քաղաքապետն ասում է` ես հրաժարվել եմ,  դա իմը չէ,  դա անցյալ տարի մայիսին նվիրել եմ Կառավարությանը: Կառավարությունից պատասխան չկա, և ես մի քանի ամիս է զանգում եմ Էներգետիկայի նախարարություն, որպեսզի ասեմ` ձեզ է տրված այդ սեփականությունը, ի՞նչ եք անում դրա պահպանման ուղղությամբ:  Ցավալիորեն, արձագանք չկա, ընդամենը մեկ պատասխան ենք ստացել «Ջրպետկոմից», որ դա  Կառավարության բալանսում է և թող կառավարությունը որոշի ինչ անել»,-ասաց նա:

Մովսես Արիստակեսյանն ուսումնասիրել է «Վեոլիա Ջուր» ընկերության հետ ունեցած պայմանագիրը և եզրակացրել, որ Կառավարությունը Ջրմուղ կոյուղին` այդ թվում նաև հեղեղատարներն ամբողջությամբ վարձակալության տված և մրցույթում հաղթած  «Վեոլիա Ջուր» ընկերությանն է տվել, որ սպասարկի: «Ցավալիորեն, պայմանագրի մեջ գրված է մեկ տող, անձրաևատարեր և հեղեղատարներ՝ առանց հստակեցնելու, որը, որտեղ և ինչ, ուստ, ինչպես բակային, այնպես էլ մայրուղիների հեղեղատարների սպասարկման հարցը բաց է մնացել: «Վեոլիա ջուրը» չունի կապիտալ ներդրումների  ծրագիր,  թեև  պայմանագրում պարտավորվել է, որ մեկ տարում կկազմի այդ ծրագիրը և կիրականացնի այդ ներդրումները»,-ասաց նա:


Մանրամասները` տեսանյութում: