Իրաքյան Քրդստանը երբևէ չի ցանկացել պատերազմ Բաղդադի հետ. Քրդստանի ԱԳՆ

09:53 • 19.10.17

Իրաքյան Քրդստանի արտաքին գործերի նախարար Ֆալահ Մուստաֆա Բաքիրը հայտարարել է, որ, անցկացնելով անկախության հանրաքվե, Քրդստանը երբեք չի ցանկացել պատերազմել Իրաքի հետ։ Այդ մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է բրիտանական Reuters գործակալությունը:

Քրդստանի ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է, որ իրենք ձգտում են հարցը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ փոխադարձ համաձայնության մթնոլորտում:

Նշենք, որ ավելի վաղ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ իրենք պատրաստ են բանակցությունների գնալ Բաղդադի հետ՝ առանց նախապայմանների: Իրաքի կենտրոնական իշխանություններն իրենց հերթին նշել էին, որ կբանակցեն քրդերի հետ միմիայն անկախության հանրաքվեի արդյունքները չեղարկելու դեպքում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ:

Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին:


Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը: