Բրիտանացի միլիարդատերը պատմել է Օբամայի սեղանին արտասովոր «կարմիր կոճակի» մասին

11:49 • 19.10.17

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակի իր սեղանի վրա ունեցել է հատուկ «կարմիր կոճակ»՝ նախատեսված թեյ պատվիրելու համար: Այդ մասին պատմել է բրիտանացի միլիարդատեր սըր Ռիչարդ Բրենսոնն իր «Finding my Virginity» գրքում:

Ինչպես նշում է washingtonexaminer.com կայքը, Բրենսոնն այդ կոճակը նկատել է օվալաձև աշխատասենյակ այցի ժամանակ:

«Այն նախկինում օգտագործվում էր տագնապի ազդանշանի համար, բայց հիմա ես այն սեղմում եմ, որպեսզի հյուրերի համար թեյ պատվիրեմ»,-միլիարդատիրոջը բացատրել էր Օբաման:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն այդ կոճակն օգտագործում է «Կոկա Կոլա» պատվիրելու համար:

Հավելենք, որ Օբաման ու Բրենսոնը մտերիմ ընկերներ են: Սպիտակ տնից հեռանալուց հետո, Օբաման կնոջ՝ Միշելի հետ երկարատև արձակուրդ է մեկնել Բրենսոնին պատկանող կարիբյան Նեկեր կղզի: