Դմիտրի Մեդվեդևը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին

10:31 • 20.10.17

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին: