Եթե մարդը չցանկանա ծառայել, ապա բանակից խուսափելու բազմաթիվ մեթոդներ կգտնի.ուսանողները բողոքի ակցիա անցկացրին տարկետումը վերացնելու դեմ

17:10 • 20.10.17

Երևանի պետական համալսարանի գրադարանի մոտ այսօր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները, այլ ուսանողներ հանրային քննարկում էին կազմակերպել և իրենց բողոքն էին հայտնում « Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի վերաբերյալ: Նշենք, որ ըստ  օրինագծի՝ առաջարկվում է զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե ՀՀ-ում հավատարմագրված ուսումնական հաստատություններում սովորող քաղաքացին ՊՆ-ի հետ կնքում է պայմանագիր ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստվածություն անցնելու  և ուսումնառությունից հետո ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններում զինծառայություն անցկացնելու մասին:

Հավաքին մասնակից Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանող Սուրեն Թադևոսյանն ասաց, որ օրինագիծն ունի վտանգավոր հեռանկար.«Նախագիծը զուրկ է հիմնավորումներից, այստեղ կարևոր հանգամանք է, դպրոցներում շատ տղաներ լավ են սովորում, որ շարունակական կրթության իրավունքից օգտվեն, այս մասով նախագիծը վտանգավոր է: Ընկալեք ինչպես կուզեք, սակայն մեր երկրում վախը, պսևդոհայրենասիրությունն ու  անտարբերությունն իրական վտանգեր բերել, եթե մենք հիմա անտարբեր լինենք, վախենանք, վաղը մեզ այլ օրենքներ են պարտադրելու»:

Կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում ուսանող Դավիթ Զաքարյանն էլ ասաց, որ հակափաստարկ է տարածվում, թե օրինագծին դեմ արտահայտվողները չեն ուզում ծառայել բանակում.«Դա այդպես չէ, եթե մարդը չցանկանա ծառայել, ապա բանակից խուսափելու բազմաթիվ մեթոդներ կգտնի»:

«Հանուն գիտության», «Տարկետում լինելու ա» վանկարկումներով ուսանողները շարժվեցին դեպի Կրթության և գիտության նախարարություն, որտեղ նրանց հետ հանդիպեցին նախարարի խոսնակն ու Բարձրագույն կրթության վարչության պետը:

ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության պետն ասաց, որ բանակի հարցը միշտ կարգավորվել է զինապարտության մասին օրենքով, հետևաբար այդ օրենքի պատասխանատուն ՊՆ-ն է, սակայն ԿԳՆ-ն պատրաստ է քննարկումների.« ԿԳՆ –ն միշտ պատրաստ է քննարկումների: Հաջորդ շաբաթ կարող եք գալ, քննարկենք, լսենք ձեր մտահոգություններն ու տեսակետը»:

Այս պահին ուսանողների մոտ հստակ որոշում չկա քննարկմանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ: Նրանց համարում են, որ օրինագիծը երկուշաբթի քննարկվելու է Ազգային ժողովում, հետևաբար քննարկմանը մասնակցելն անիմաստ է: