Քուրդ զինյալները Ռաքքայի ազատագրումից հետո փակցրել են Օջալանի պաստառը, Թուրքիան հայտնել է իր մտահոգությունը
Քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների զինյալները սիրիական Ռաքքայի ազատագրման գործողության ավարտից հետո քաղաքում փակցրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարով պաստառ, ինչն անհանգստություն է առաջացրել Թուրքիայում: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը թեմայի վերաբերյալ հատուկ հայտարարություն է արել և նշել, որ Ռաքքայում տեղի ունեցող զարգացումները խորը մտահոգություն են պատճառում իրենց:
Թուրքական լրատվամիջոցները ենթադրում են, որ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական ջոկատների այս քայլը կարող է թուրք-ամերիկյան նոր լարվածության պատճառ դառնալ:
Հիշեցնենք, որ այս շաբաթ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումն ազատագրել է Ռաքքան ԻՊ ահաբեկիչներից, որոնք վերահսկում էինք քաղաքը շուրջ 3 տարի:
Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցել են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:










