Բակո Սահակյանը և Արամ Առաջինը քննարկել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր

13:30 • 20.10.17

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, Նոր Կիլիկիա բնակավայրի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներին:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման և Արցախին մշտապես սատարելու գործում: