Իտալական 2 մարզի բնակիչները «պատմական» հանրաքվեի ժամանակ կողմ են քվեարկել ինքնավարության ընդլայնմանը
Իտալիայի հյուսիսային Լոմբարդիա և Վենետո մարզերի բնակիչները երեկ՝ հոկտեմբերի 22-ին, մասնակցել են խորհրդատվական հանրաքվեների, որոնց շրջանակում կողմ են քվեարկել ինքնավարության ընդլայնմանը:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Վենետոյի ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ քվեարկողների 98%-ը կողմ է ինքնավարության ընդլայնմանը: Հայտնի է, որ հանրաքվեին մասնակցել է Վենետոյի՝ քվեարկելու իրավունք ունեցող բնակչության ավելի քան 57%-ը:
Վենետոյի ղեկավար Լուկա Ձայան նկատել է, որ կայացած հանրաքվեն «պատմական իրադարձություն է ու այն մարդկանց հաղթանակը, որոնք ցանկանում են իրենց տան տերը լինել»: Նա նաև խոստացել է արդեն երկուշաբթի սկսել աշխատանքն այն փաստաթղթի վրա, որն առաջարկվելու է կենտրոնական իշխանություններին:
Ինչ վերաբերում է Լոմբարդիային, ապա այնտեղ ինքնավարության ընդլայնմանը կողմ է քվեարկել մասնակիցների 95%-ը: Ընդհանուր առմամբ, հանրաքվեին մասնակցել է 3 միլիոն ընտրող:
Աղբյուրը նկատում է, որ Իտալիայի Հանրապետության պատմության մեջ խորհրդատվական բնույթի հանրաքվեներն առաջին անգամ էին անցկացվում: Հայտնի է, որ թե՛ Լոմբարդիայում, թե՛ Վենետոյում կայացած հանրաքվեները պարտադիր որևէ իրավական հետևանք չեն ունենա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հանրաքվեները պարտադիր իրավական ուժ չունեն, սակայն ստացել են Սահմանադրական դատարանի թույլտվությունը, քանի որ Իտալիայի յուրաքանչյուր շրջանի թույլատրվում է նման հարցեր ներկայացնել՝ Սահմանադրության համապատասխանությամբ:
Ո՛չ Լոմբարդիան, ո՛չ Վենետոն չեն դիմել ընտրողներին՝ Իտալիայից անկախանալու մասին հարցով: Շրջանների առաջնորդներն ավելի շատ լիազորություններ են ցանկանում այնպիսի ոլորտներում, ինչպիսին են անվտանգությունը, միգրացիան, կրթությունը և շրջակա միջավայրը:










