Յուրաքանչյուր տղա պետք է ծառայի և հետո իր կյանքի ընթացքը որոշի․ Անահիտ Բախշյան

13:00 • 15.11.17

Յուրաքանչյուր տղա պետք է ծառայի և հետո իր կյանքի ընթացքը որոշի։ Այսօր կայացած մամուլի ասուլիսին նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի»  մասին օրենքի փոփոխությանը։

Նա կողմ է օրենքի գաղափարախոսությանը, տրամաբանությանը և այն քայլերին, որոնք ապահովելու են ծառայության տեսակն ընտրելու ճկունությունը և դեմ այն պնդումներին, թե գիտությունը տուժելու է տարկետման իրավունքի սահմանափակումով։

«Մինչև այսօր տարկետումը կար և գիտություն չկա։ Ինչո՞ւ գիտությունը չի զարգանում, որովհետև դա կախված չէ նրանից` ծառայում է, հետո է սովորում, թե սովորում է հետո է ծառայում։ Գիտությունը չի զարգացել, որովհետև գիտության նկատմամբ կա չափազանց անհարգալից և նվաստացնող ֆինանսավորում մեր կառավարության կողմից»,- նշեց նա։

Անահիտ Բախշյանը նաև անդրադարձավ մինչև 2030 թ․ կրթության զարգացման օրենքի նախագծին, որտեղ ըստ նրա՝ ոչ մի կետ չկա ռազմական կրթության զարգացման մասին։

«Այսօրվա աղմուկից ելնելով` դրան համապատասխան կրթության զարգացման ծրագրում պետք է գրվեր այն, ինչն այս օրենքն ասում է՝ տարբեր տեսակի ծառայությունների մասին, դա ամրագրվեր այս օրենքում։ Ազգ-բանակ գաղափարը կրթության զարգացման ծրագրում ես չեմ տեսնում»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ զինվորական ծառայության մասին օրենքի գաղափարը լավն է, բայց մտահոգությունների լուրջ տեղիք է տալիս այն, թե այդ օրենքից բխող իրավական նորմերը ինչպես են կարգավորվելու։