Մեր տնտեսության կառուցվածքն այսօր թույլ չի տալիս ասել, որ կկարողանանք մուտք գործել ԵՄ շուկա. Միքայել Մելքումյան

15:48 • 01.12.17

Մեր տնտեսության կառուցվածքն այսօր թույլ չի տալիս ասել, որ Հայաստանը մուտք կգործի եվրոպական շուկա, որովհետև Եվրոպան ինքը խնդիր ունի ներսում՝ իր ապրանքների իրացման առումով. «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը թերահավատորեն է տրամադրված, որ Հայաստանը կարողանալու է կոոպերացվել ընդհանուր համակարգի մեջ: Պատգամավորն օրինակ բերեց Եվրոպայում շրջանառվող այն ապրանքները, որոնք արտադրված են Վիետնամում, Բոսնիա-Հերցեգովինայում, Լիտվայում և այլն: «Ինձ ավելի շատ հետաքրքրում է ժամանակը. ինչքան ժամանակում մենք կանցնենք դրան»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանի հաջորդ մտահոգությունը կապված էր սերտիֆիկացման և արտահանման «Ֆլեքս» համակարգի հետ: «Եթե չեմ սխալվում մինչև ԵԱՏՄ հետ մեր անդամակցությունը` մենք մեր ամբողջ տեխնիկական կանոնակարգման օրենսդրությունը մենք եվրոպական մոդելի համաձայն էինք անում: Հիմա մենք խոսում ենք տարածաշրջանում լաբորատորիաների մասին: Որքա՞ն ժամանակում ենք ունենալու լաբորատորիա, որտեղ մեր գործարարը կունենա այդ սերտիֆիկատը և առանց խնդրի կգնա այնտեղ»,- հարցրեց պատգամավորը:

Իսկ մինչ այդ նա թվեր ներկայացրեց, ըստ որոնց՝ 2016թ. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5,75 մլրդ դոլար, ընդ որում՝ ԵՄ-ի հետ դա կազմել է 24,1%-ը, Ռուսաստանի հետ 26,93%-ը, Չինաստանի հետ 8,95%, Իրանի հետ 238 մլն դոլար:

«Կարծես` այս թվերը սովորական թվեր են և ոչ մի արտառոց բան չկա, հիմա ինձ հետաքրքրում է դեպի Եվրոպա մեր առևտրաշրջանառության կառուցվածքը և միտումները: ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը Գերմանիայի դեպքում 325 մլն դոլար է, Բուլղարիայի` 186 մլն դոլար, Իտալիայի` 160 մլն դոլար, Բելգիայի` 99 մլն դոլար, ինչից հետո սկսում է կտրուկ իջնել»,- ասաց նա և հավելեց, թե դեպի ԵՄ մենք արտահանում ենք պղնձի խտանյութ, թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր:

«Որակական առումով մեր ավանդական ճյուղերի արտադրանքը դեպի ԵՄ շուկա հուսալի պատկեր չի տալիս մեզ»,-ասաց նա: