ՀՀ դիվանագետները ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում պետք է մեջտեղ բերեն անվտանգության հարցը, ցեղասպանության սպառնալիքը․ Կայծ Մինասյան

21:17 • 14.12.17

Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիմա ցանկանում են փրկել բանակցությունները, որպեսզի գործընթացը չփլվի:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Ադրբեջանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության տակ ստորագրելուց հետո էլ, բանակցային գործընթացը փրկվեց: «Հիմա բանակցային գործընթացում նոր էջ է բացվել, քանի որ Ադրբեջանի ցանկությունները չիրականացվեցին, Ադրբեջանի ամբողջ ռազմավարությունը չհաջողվեց, Հայաստանն էլ կոշտ քաղաքականությամբ հանդես եկավ»,- ասաց նա:

Նա հռետորական հարց հնչեցրեց՝ արդյո՞ք հիմա իրականում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նոր հանգամանքներ կան: «Խոսք գնաց Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման մասին: Վերահսկողության մեխանիզմների ներդրման մեխանիզմների մասին խոսակցությունները նոր չեն: Այս անգամ էլ հարց է առաջանում՝ արդյո՞ք Ադրբեջանը կհամաձայնվի դրանք իրագործել: Դժվար է հասկանալ, թե ինչի դիմաց նա համաձայնության կգա»,- նշեց նա:

Կայծ Մինասյանի կարծիքով՝ շատ հավանական է, որ Ադրբեջանը համաձայնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, սակայն դեռ պարզ չէ, թե իրականությունում այն ինչպես կյանքի կկոչվի: Ադրբեջանը ցանկանում է  տարանջատել  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և երկրորդ՝ վերահսկողության մեխանիզմների ներդրման մեխանիզմները, ըստ փորձագետի՝ առաջինի դեպքում համաձայն են, երկրորդինի դեպքում՝ ոչ:

Նա անդրադարձավ նաև միջազգային հանրության դիրքորոշմանն ու կեցվածքին ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նկատեց, որ բացի Թուրքիայից, ոչ մեկ չի ընդունում Ադրբեջանի քաղաքականությունը: Բացի այդ՝ նա նկատեց, որ որքան Հայաստանը մոտենա Եվրամիությանը, այնքան վերջինս կհամագործակցի Հայաստանի հետ ԼՂ հիմնախնդրի հարցում: «Վրաստանը Եվրամիությանն է մոտենում, արդյունքում Արևմուտքը նրան տարբեր հարցերում հասկանում է: Եվրամիության հետ համաձայնագիր կնքելուց հետո Հայաստանն ավելի շատ է իր վրա Արևմուտքի ուշադրությունը գրավում»,- նշեց նա:

Այս համատեքստում Կայծ Մինասյանը նաև մատնանշեց Ռուսաստանի կեցվածքը: Նկատեց, որ այդ երկիրը հիմա՝ նախագահական ընտրությունների և ֆուտբոլի առաջնության շեմին ցանկանում է «խաղաղասերի» տպավորություն թողնել, որ ինքը պատերազմ չցանկացող երկիր է: «Հիմա Ռուսաստանը ստիպված է համագործակցել Արևմուտքի հետ»,- ասաց նա:

Նա նաև անդրադարձավ Թուրքիայի՝ ԼՂ հիմնահարցում ներգրավվելու ցանկության և Ռուսաստանի՝ դրա հետ կապված գործողություններին: Նշեց, որ Ռուսաստանը Թուրքիայի միջոցով Ադրբեջանին հասկացրեց, որ պետք է հրաժարվել կոշտ դիրքորոշումից, քանի որ այդպես հնարավոր չէ առաջ գնալ: Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանն ու Թուրքիան ԼՂ հիմնահարցում համագործակցելու են ամեն հարցում»,- ասաց նա՝ նկատելով, որ այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ պետք է հասկանալ իրողությունները:

Ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանն այն դեպքում, երբ իր ցանկությունները չեն իրականանում․ այս հարցին պատասխանելիս՝ Կայծ Մինասյանը նկատեց, որ Ադրբեջանում երկու մոտեցումներ կան: Առաջինը, ըստ նրա այն է, որ Ադրբեջանում հասկանում են, որ իրենց դիրքորոշումն անընդունելի է միջազգային հանրության համար: Երկրորդ մոտեցումը, նրա խոսքով՝ լայնամասշտաբ գործողություններ սկսելն է:

«Ըստ երևույթին, կարծես այդ արմատական դիրքորոշումը պաշտպանողներն ավելի քիչ են, քանի որ վերջին շրջանում, բարեբախտաբար, սահմանային միջադեպերը ավելի քիչ են: Դա նշանակում է, որ Ադրբեջանում անգամ ներքին խնդիրներ կան: Եվ քանի որ որևէ երկիր չի աջակցում Ադրբեջանին՝ իր կոշտ դիրքորոշման հարցում, արդեն ստիպված է մասնակցում բանակցություններին, նստում բանակցությունների սեղանին»,- նշեց նա:

Հիմա էլ, ըստ Կայծ Մինասյանի, առաջնայինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների համար վերահսկողության մեխանիզմների ներդրումն է, այս ընթացքում կողմերի միջև հանդիպումներն էլ դրանց շուրջ համաձայնության գալու համար էին կազմակերպվում:

«Մինչև վստահության մթնոլորտ չլինի, անկարելի կլինի սպասել բանակցությունների: Ժնևում նախագահների միջև վերջին հանդիպումը և հետո արտգործնախարարների, նաև հունվարին սպասվող նախագահների հանդիպումները՝ բոլորը՝ իրենց հայտարարություններով և համաձայնություններով ուղղված են վստահության մթնոլորտի ստեղծմանը»,- ասաց նա՝ չբացառելով, որ հիմա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդ երկրների կողմից առաջարկներ ներկայացվում են, բայց դրանց մասին, ըստ նրա, դեռ վաղ է խոսել:

Ի՞նչ է անհրաժեշտ կարգավորման գործընթացում՝ վստահության մեխանիզմներ ձեռք բերելու համար․ նրա խոսքով, հայերի համար բավարար չէ միջազգային հանրության կողմից առաջարկվողը, որովհետև դեռևս Ադրբեջանի կողմից «փոխզիջում» բառը չի լսվել։

«Բացի այդ, այսօրվա իրականությունն այլ է: Հայաստանը պետք է օգտագործի այլ սկզբունք․ ադրբեջանական սպառնալիք կա հայերի նկատմամբ, և քանի որ Ռուսաստանի դիրքորոշումն էլ դեռ անորոշ է, ապա հայկական դիվանագիտական գերատեսչությունը պետք է օգտագործի նոր սկզբունքը: Կարգավորման երեք հայտնի՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չգործադրման սկզբունքներից բացի, չորրորդ սկզբունքը պետք է լինի ցեղասպանության սպառնալիքը կամ պատասխանատվություն պաշտպանության համար (Responsability to Protect (R2P) ) սկզբունքը․այն միջազգային է և ընդունված է միջազգային համայնքի կողմից: Հայաստանի դիվանագետները պետք է մեջտեղ դնեն անվտանգության հարցը, ցեղասպանության սպառնալիքը՝ R2P անունով: Որպեսզի միջազգային հանրությունն ընդունի, պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ անկարելի է խոսել ցեղասպանական լեզվով: Այս սկզբունքը պետք է դրվի բանակցային սեղանի վրա, մակերեսային դիրքորոշում չունի Բաքուն, ճիշտ հակառակը, ադրբեջանցիները պահում են հայերի նկատմամբ ատելությունը»,- ասաց նա:

 

ՀՀ դիվանագետները ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում պետք է մեջտեղ բերեն անվտանգության հարցը, ցեղասպանության սպառնալիքը․ Կայծ Մինասյան