ՌԴ ԿԸՀ-ն «կանաչ լույս» է տվել Սոբչակի նախընտրական քարոզարշավին

16:52 • 26.12.17

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿՀԸ) թույլ է տվել հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին նախընտրական հիմնադրամի ձևավորման համար հատուկ հաշվեհամար բացել՝ այդպիսով «կանաչ լույս» տալով նրա նախընտրական քարոզարշավին:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, հաշվեհամարի բացումից հետո Սոբչակը կկարողանա ստորագրահավաք սկսել իր աջակիցների շրջանում:

Հայտնի է, որ իրեն «թեկնածու՝ բոլորի դեմ» ներկայացնող Սոբչակն առաջադրվել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից:

Աղբյուրը մանրամասնում է, որ ոչ խորհրդարանական կուսակցությունների կողմից առաջադրվող թեկնածուները, ինչպես, օրինակ, Սոբչակն է, իրենց թեկնածությունը պաշտոնապես գրանցելու համար պետք է առնվազն 100.000 ստորագրություն հավաքեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է՝ ինչու ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թույլ չի տրվել մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին: Ըստ նրա՝ Նավալնիի դեպքը չի համապատասխանում օրենսդրությանը։ Նա նաև հերքել է շրջանառվող տեսակետն առ այն, որ Նավալնիի չմասնակցելը կազդի նախագահական ընտրությունների լեգիտիմության վրա:

Հիշեցնենք, որ ՌԴ ԿԸՀ-ն Նավալնիին թույլ չի տվել մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են մարտի 18-ին։

Քսենիա Սոբչակն ավելի վաղ առաջարկել էր ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիին ընտրությունների ժամանակ դառնալ իր վստահված անձը, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի իրեն որպես նախագահի թեկնածու: Սոբչակն Instagram-ի իր էջում գրել էր, որ Նավալնիին ընտրություններին մասնակցել թույլ չտալը համարում է «իշխանությունների հերթական սխալն ու հրեշավոր անարդարություն»։