«Ելք»-ը «Ծառուկյան» դաշինքի հետ չի բանակցել, որոշել է նախագահի իր թեկնածուին և մեզ ասում է՝ պաշտպանեք. Տիգրան Ուրիխանյան

12:17 • 26.12.17

«Ելք» դաշինքը որոշել է իր նախագահի թեկնածուին և հետո դիմել «Ծառուկյան» դաշինքին իր թեկնածուին պաշտպանելու համար, իսկ դա քննարկում կամ բանակցություն չէ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ պատասխանելով հարցին, թե «Ելք» խմբակցությունը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին և «Ծառուկյան» դաշինքին առաջարկել է պաշտպանել իրենց թեկնածուին. ո՞րն է դաշինքի պատասխանը։

«Միշտ, բոլոր գործընկերների հետ՝ հատկապես ընդդիմադիր, «Ծառուկյան» դաշինքը պատրաստ է բանակցել ցանկացած հարցի շուրջ, հարգանքով ենք վերաբերվել ու վերաբերվում իրենց բոլոր առաջարկներին, բայց եթե կա իրական բանակցություն։ Եթե խոսքը գնում է նախագահի թեկնածու առաջադրելու մասին, մեզ հետ «Ելք» դաշինքը չի բանակցել, մեզ առաջարկվել է պարզապես պաշտպանել իրենց կողմից արդեն կայացված որոշումը»,-ասաց Ուրիխանյանը։

Պատգամավորը նաև հավելեց, որ քանի որ դա բանակցություն չէ, հետևաբար դաշինքն այն քննարկելու հարց չունի։

Հիշեցնենք, որ քանի որ հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը՝ այսինքն` 26 պատգամավոր, 9 հոգանոց «Ելքին» անհրաժեշտ է «Ծառուկյան» խմբակցության աջակցությունը։